«Սևան» ազգային պարկը նախատեսում է Սևան-Լճաշեն ավտոմայրուղու ձախ հատվածում սիրողական ձկնորսության լողափ ստեղծել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Սևան» ազգային պարկի փոխտնօրեն Վահե Գուլանյանը, լճի այդ հատվածում մշտապես ձկնորսների կուտակումներ են առաջանում, ինչն էլ հիմք է դարձել նման նախաձեռնության համար:

 

«Այդ հատվածում կլինի հանրային լողափի պես մի կառույց, որտեղ զարգանալու է սիրողական ձկնորսությունը: Այսինքն' այդ լողափում չեն լողալու կամ հանգստանալու, այն նախատեսված է լինելու միայն ձկնորսների համար: Այդ նպատակով ափը կմաքրվի և կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ»,- ասաց Գուլանյանը: Նա նշեց, որ ափի հիմնումը կապված է որոշակի ֆինանսական ծախսերի հետ և չհստակեցրեց, թե երբ կլինի դրա բացումը:

 

Խոսելով այն մասին, թե սիրողական ձկնորսության լողափի հիմնումը կարո՞ղ է, արդյոք, ազդել լճի էկոհամակարգի վրա' պարկի փոխտնօրենը նշեց, որ լճի այդ հատվածում տարածված է միայն կարաս ձկնատեսակը, որն արագ բազմացող և վերականգնվող ձկնատեսակ է: Նա վստահեցրեց, որ դրա որսը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ լճի համար:

 

Գուլանյանը տեղեկացրեց, որ այս տարի, եղանակային պայմանների հետ կապված, ամառային սեզոնի բացումը նախատեսվում է հուլիսի 1-ից: Այս տարի ևս կգործեն 3 հանրային լողափերը, որոնցից բացի նախատեսվում է ևս 2 լողափի հիմնում: «Կառավարության որոշմամբ նախատեսված է 9 լողափի հիմնում, սակայն կապված ներդրումների բացակայության հետ, այդ թվին դեռ չենք հասնում: Երկրորդ' մեզ համար հիմա խնդիր է հոգալ գործող հանրային լողափերի ծախսերը, որոնց սպասարկումը մեր միջոցներով է իրականացվում»,-ասաց նա:

 

Այս տարի ևս «Սևան» ազգային պարկը նախատեսում է էկոտուրիզմի հետ կապված նախագծերը: Գուլանյանի խոսքով, կսկսեն գործել էկոտուրիստական երթուղիներ, որոնք նախատեսված են բնությանը շփվելու, տեսարժան վայրերի դիտումների համար: