ԼՂՀ-ի «Մատաղիս»-ի զորամասում սպանված Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի հարազատները տարակարծություններ ունեն գործով նախկինում մեղադրվող երեք տղաների՝ Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի արդարացման վճռի առնչությամբ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սպանված Հովսեփ Մկրտումյանի հայրն ասաց, որ ցանկություն չունի խոսելու Ռոման Եղիազարյանի ծնողների հետ, որովհետև նրանք ի սկզբանե գործը սխալ ուղղությամբ էին տանում. «Հիմա տվել են մեկ ամիս ժամանակ, չգիտեմ' նրանք կբողոքարկե՞ն, թե՞ ոչ: Իսկ ես գնալու եմ դատախազություն, և միայն դրանից հետո պարզ կդառնա, թե հետաքննությունն ինչ ուղով է ընթանալու:

Բացառվում է, որ ես բողոքարկեմ վճիռը: Պետք է գտնեն իսկական հանցագործներին, սկզբում ում ձերբակալել էին՝ պետք է նոր գործ հարուցեն նրանց դեմ՝ այն 4 զինվորներին և Իվան Գրիգորյանին նկատի ունեմ: Իմ կարծիքով' գործն այսուհետ այդ ուղղությամբ կընթանա:

Հույս ունեմ, որ արդարություն կլինի. իմ երեխային սպանել են, իսկ հանցագործները դեռևս անպատիժ են: Պետք է որ արդեն ճիշտ ուղղությամբ ընթանա. առայժմ ոչ մի ուրիշ նորություն չկա:

Իսկ Ռոմանի հարազատները գործի փաստերին տեղյակ չեն՝ կողքից Ջհանգիրյանն ասել է, որ այսպես է՝ իրենք էլ ընդունել են, կամ միգուցե Մարգարիտա Խաչատրյանն է ինչ-որ բան ասել: Ուղղակի չեմ ուզում մեղք վերցնել ինձ վրա, բայց իրենք կարող է նույնիսկ կաշառված լինեն: Ես չեմ ուզում նրանց հետ առնչվել, որովհետև մարդուն վայել ձևով չեն մտածում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ Շիրակի մարզի դատարանը՝ դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ, դատավորներ Արմեն Խաչատրյանի և Մարտին Սարոյանի մասնակցությամբ, արդարացրել է Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին՝ հանցագործության հետ առնչություն չունենալու հիմքով: