Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Ալժիրի ընտրանու դեմ տեղի ունեցած ընկերական հանդիպմանը, Օզբիլիսի վնասվածքին և Շալանդին:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին մեր ընտրանին ընկերական խաղում 3:1 հաշվով պարտվեց Ալժիրին:
«Խաղը բարդ ստացվեց, մանավանդ' առաջին խաղակեսում: Ալժիրի հավաքականը վստահ սկսեց հանդիպումը և պատժեց մեզ' պաշտպանությունում թույլ տված սխալների համար: Մյուս կողմից' Հայաստանի հավաքականն օպտիմալ կազմով հանդես չէր գալիս»,- նշել է Բերեզովսկին:
Խոսելով Արաս Օզբիլիսի ստացած վնասվածքի մասին' մեր հավաքականի դարպասապահը նշել է, որ Օզբիլիսը մեկնել է Ամստերդամ, որտեղ բուժզննում կանցնի. «Հուսով ենք, որ Արասի մոտ ամեն ինչ լավ կլինի»:
Բերզովսկին անդրադարձել է նորանշանակ մարզիչ Բեռնարդ Շալանդին և նշել. «Նա մեծ ցանկությամբ է աշխատում: Նա հավատում է, որ մեր հավաքականը կկարողանա հաջող հանդես գալ Եվրոպայի 2016թ.-ի ընտրական փուլում: Շալանդը մեծ ուշադրություն է դարձնում մարտավարությանը: Դեռևս թիմի վրա ազդում է հիմնական կազմի մի քանի խաղացողի բացակայությունը: Հուսանք, որ հավաքականը վնասվածքներ չի ունենա, իսկ երիտասարդ խաղացողները կբարձրանան առաջատարների խաղամակարդակին»,- Բերեզովսկիի խոսքը մեջբերում է «Իզվեստիան»: