Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի ծրագրում մտնել որևէ միություն, այդ թվում' Եվրասիական տնտեսական միություն և Եվրամիություն: Այս մասին վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Մուստաֆաևը հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

 

Նախարարը նաև հայտնել է, որ Ադրբեջանը ոչ մի խնդիր չունի Ռուսաստանի հետ առևտրի ռեժիմի հարցում' նշելով, որ այդ ռեժիմը շատ հարմարավետ է:

 

Պաշտոնական եռօրյա այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը լրագրողների հետ զրույցում երեկ հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է քննարկել Եվրասիական տնտեսական միություն մտնելու վերաբերյալ հարցը:

 

Բացի այդ, Ուլյուկաևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը կարող են համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծել: Նա ասել է, որ հարցը քննարկել է ադրբեջանցի իր գործընկերոջ հետ: «Ռուս-ադրբեջանական հիմնադրամը կարող է օգնել խոշոր նախագծերի իրականացման գործում»,- ասել է Ուլյուկաևը: Նա հավելել է, որ Ռուսաստանն արդեն նման հիմնադրամներ ստեղծել է Քաթարի, Քուվեյթի, Հարավային Կորեայի, Չինաստանի և այլ երկրների հետ: