Հանրապետության բոլոր դպրոցներում առավոտյան ժամը 9:30-ին մեկնարկեց «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունը, որին այս տարի մասնակցում է շուրջ 8 հազար դիմորդ: Երևանի պետական համալսաևում անցկացվող քննությանը ներկա գտնվեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շրջեց քննասենյակններում և զրուցեց քննության մասնակից դիմորդների հետ: Դիմորդները հիմնականում դժգոհություններ հայտնեցին շտեմարաններում տեղ գտած վրիպակների և երկիմաստությունների շուրջ, սակայն կրթության և գիտության նախարարը վստահեցրեց, որ քննական թեստերում այդ սխալները տեղ չեն գտել:

 

«Քննություններում նման խնդիրներ չեն լինելու: Ճիշտ է' շտեմարաններում դեռևս առկա են վրիպակներ, սակայն դա անհանգտության մեծ առիթ չի կարող դառնալ, քանի որ բոլորն էլ համոզվել են, որ քննություններին լինում են բացարձակ ճիշտ թեստեր: Մյուս կողմից' լավ է, որ շտեմարաններում եղած այդ սխալները դիմորդները նկատել են: Այսինքն' պատասխաններն անգիր չեն արել, այլ փորձել են հասկանալ հարցերը»,- ասաց Աշոտյանը: Նա ուրախությամբ փաստեց, որ վերջին տարիներին միասնական քննությունները սովորական դարձած «սեզոնային տենդից» վերածվում են ընթացիկ հանրային իրադարձության և չեն կրում ծայրահեղականացված բնույթ:

 

Նախարարը կազմակերպիչներին հորդորեց ուշադիր լինել և թույլ չտալ, որ դիմորդները զարտուղի ճանապարհներով փորձեն գտնել հարցերի պատասխանները: «Նույնիսկ երկրների նախարարների հանդիպումներում, որտեղ խլացուցիչներ են լինում, զանգ էլ է գալիս, ինտերնետ էլ է լինում: Ալիքի ամբողջական խլացում բաց տարածություններում անհնար է: Սա բոլոր ժամանակների մեծ խնդրն է, քանի որ դիմորդը միշտ մի քայլ առաջ է մտածում, քան կազմակերպիչները»,-ասաց նա: Աշոտյանը նաև կատակեց, որ հաջորդ տարի աղջիկները կարող են գալ քննությանը մազերն իր նման կարճ կտրած:

 

Արմեն Աշոտյանը զրուցեց նաև ծնողների հետ և վստահեցրեց, որ քննությունները կանցկացվեն բարձր մակարդակով, և խնդիրներ չեն առաջանա: «Վստահ եմ, որ դուք ձեր երեխաների իրական ուժերը լավ գիտեք և չեք խնայել ձեր ընտանեկան բյուջեները' երեխաների կրթությունն ապահովելու համար»,-ասաց Աշոտյանը:

 

Հանրապետությունում միասնական քննությունները մեկնարկլ են հունիսի 2-ից' «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներով: Այդ քննությանը մասնակցել էին շուրջ 1800 դիմորդ: