Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հունիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության ներքին անվտանգության վարչության անձնակազմի հետ։ Օրակարգում 2014 թվականի առաջին կիսամյակի ամփոփման, աշխատանքային խնդիրներին և պայմաններին, ծառայողների մասնագիտական ու բարոյական որակներին վերաբերող հարցերն են եղել: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է ներքին անվտանգության վարչության գործունեության առանձնահատկություններին, ընդգծել աշխատանքի յուրահատկությունը և այն դերը, որ ունի ծառայությունը ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու գործում:
Ոստիկանության պետը, միևնույն ժամանակ, ընդգծել է ծառայության աշխատանքի երկրորդ ուղղությունը' ոստիկանության ծառայողին պաշտպանել ամեն կարգի զրպարտանքից ու բանսարկությունից, անաչառ ու հետևողական աշխատանքով վեր հանել ճշմարտությունն ու իրողություններին տալ համարժեք գնահատական։
Ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը ներկայացրել է ծառայության կառուցվածքն ու գործունեությունը։
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է 2014 և 2013 թվականների արդյունքների համեմատական վերլուծությանը, ծանոթացել վարչության ստորաբաժանումների ծառայողներին, անդրադարձել նրանց աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման, ծանրաբեռնվածության նվազեցման, ծառայության տեխնիկական հագեցման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին և կրկին հիշեցրել ոստիկանության ներքին անվտանգության վարչության գերխնդիրը:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել' վարչության անձնակազմից պահանջելով չբավարարվել զուտ ծառայական քննություններով, այլև վերլուծել, հասկանալ ու գնահատել հիմնախնդիրները, ինչը արատավոր երևույթների նվազեցման գրավականներից է: