Երկվորյակներ Շիվանխատրայի և Շիվրամայի ծնունդը իսկական սենսացիա առաջացրեց Հնդկաստանի գյուղերից մեկում, որտեղ որոշ մարդիկ նույնիսկ սկսեցին խոնարհվել նրանց առջև` որպես աստվածային մարմնացումների:
Այն ժամանակ, երբ բժիշկները վստահեցնում էին, որ 12-ամյա տղաներին հնարավոր է առանձնացնել, վերջիններս որոշեցին մնալ միասին:
«Մենք չենք ուզում առանձնանալ, մենք կմնանք միասին նույնիսկ այն ժամանակ, երբ կծերանանք: Մենք ուզում ենք ապրել այնպես, ինչպիսին կանք»,- անկեղծացել է երկվորյակներից մեկը`Շիվրամը:
Հնդկական փոքրիկ գյուղի այս բնակիչներն ունեն երկու ոտք և չորս ձեռքեր: Չնայած այս ամենին, նրանք սովորել են կատարել իրենց առօրյա պարտականությունները. լվացվել, հաց ուտել, հագնվել և սանրել միմյանց մազերը:
Երկվորյակները դպրոցում լավ են սովորում, տեղական դպրոցի լավագույն աշակերտներն են: Նրանց ծնողները ևս հինգ աղջիկ ունեն, այդ պատճառով էլ տղաները վերջիններիս համար շատ թանկ են:
«Բոլորին հետաքրքիր է նայել իմ երեխաներին, բայց միայն ես եմ հասկանում այն բոլոր խնդիրները, որոնք դրված են երեխաներիս առջև: Անձրևային եղանակներին նրանք դժվարանում են քայլել, և երբ նրանցից մեկը ցանկանում է նստել, մյուսը պետք է պարկի: Նրանք համերաշխ են միմյանց հետ: Եթե մեկը ցանկանում է խաղալ, մյուսը պարզապես համաձայնվում է»,-պատմել է երկվորյակների 45-ամյա հայրն ու հավելել, որ ինքը նույնպես չի ցանկանում իր որդիներին առանձին տեսնել:
«Աստված նրանց ստեղծել է այնպիսին, ինչպիսին նրանք կան: Ինձ ոչ մի օգնություն անգամ պետք չէ, ինքս կտանջվեմ, որպեսզի նրանց լավ պահեմ»,- ասել է հայրը` Ռաջի Կումարան:
Դելիի Fortis Memorial ինստիտուտի ղեկավար և բժիշկ Կրիշանու Չագխը երկվորյակների մասին ասել է, որ նրանց հնարավոր է առանձնացնել, սակայն վիրահատությունը բավականին թանկարժեք է:
«Նրանք երկու առանձին սիրտ ունեն, երկու առանձին ուղեղ և երկու առանձին թոքեր: Այս կերպ նրանք լիարժեքորեն կարող են շարունակել իրենց գոյությունը»,- նկատել է բժիշկը: