Պետական համակարգի օպտիմալացումը, Մեծ ոճիրի 100-րդ տարելիցը, հայրենիքի եւ սփյուռքի հիմնախնդիրները, արտաքին քաղաքականության պարտվողականությունն եւ դրա հետեւանքները, համակարգային ճգնաժամը, օլիգարխիան' որպես մարտահրավեր' այն հիմնախնդիրներն են, որոնք, ըստ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության, պետք է լուծել, որպեսզի Հայաստանը կարողանա զարգանալ:
Հունիսի 7-ին ՍԴՀԿ «ՀՀ զարգացման ճանապարհային քարտեզ» խորագրով հավաքի ժամանակ ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը նշեց, որ կուսակցությունը ներկայացրել է տասը կետեր, որոնց իրականացմամբ հնարավոր է երկիրը հանել խորը համակարգային ճգնաժամից եւ տանել դեպի զարգացում:
«Երկիրը պետք է դառնա խորհրդարանական հանրապետություն' հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգով: Միայն խորհրդարանական կառավարումը կհաստատի հարաբերական կայուն քաղաքական համակարգ»,- ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը' հավելելով, որ երկրում օրհասական կարեւորության հարց է օլիգարխիայի հեռացումը քաղաքական համակարգից: Նարեկ Գալստյանն առաջարկեց կառավարությանը հարկային համաներում անցկացնել եւ նորաստեղծ բիզնեսին ազատել հարկերից' գոնե մեկ տարի ժամկետով:
Կուսակցության ուշադրության կենտրոնում է նաեւ հանքարդյունաբերությունը: «Հանքերի շահագործման այսօրվա վիճակն ընդունելի չէ: Հանքարդյունաբերության հարկային շեմը պետք է բարձրացնել: Պետությունը պարտավոր է այս ոլորտում ունենալ հսկիչ փաթեթ»,- ընդգծեց նա:
Արտաքին քաղաքական ոլորտում կուսակցությունն ուշադրություն է հրավիրում Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը: Մոսկվայի հետ հարաբերության խորացումը Հայաստանի շահերից է բխում, սակայն այդ հարաբերությունները պետք է լինեն արժանապատիվ: «Ռազմավարական հարաբերությունների զարգացման ուղղությունը Ռուսաստանն է, սակայն վախվորած կամ վասալային հարաբերությունները կուսակցությունը մերժում է»,- նշեց Գալստյանը:
Ազատամարտիկ Վազգեն Սիսլյանի փոխանցմամբ, ՀՀ արտաքին քաղաքականությունը նման է վախվորած երեխայի նոր ձեւավորվող վարքագծին, երբ երեխան չի հասկանում իրեն շրջապատող իրերի եւ երեւույթների բացատրությունն ու հազար անգամ հաշվարկում, թե որոշումն ինչպես կանդրադառնա իր վրա: ՀՀ արտգործնախարարությունը ուշ պատասխանեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը: Ըստ նրա, ՌԴ դեսպանի' հասարակական կազմակերպությունները փակելու անուղղակի կոչին էլ պատասխանը համարժեք եւ համաչափ չէր: Նա գնահատմամբ, Հայաստանը պետք է այնպիսի դիրքորոշ ում ստանձնի, որպեսզի որոշումներն առաջին հերթին բխեն պետության շահերից:
«Կարևոր է Արցախի վերադարձը բանակցային գործընթացին: Արցախցին իրացրել է անկախ ապրելու իր իրավունքը, եւ եթե դա չի ընդունվելու, ապա պետք է դադարեցնել բանակցությունները: Հայ-թուրքական հարաբերություններում պետք է լինել պահանջատեր»,- ասաց Սիսլյանը' հավելելով, որ կուսակցությունը կոչ է անում խորհրդարարնին օրակարգից հանել հայ-թուրքական արձանագրություններն ու Անկարայի հետ հարաբերվել հստակ պահանջներ առաջ քաշելով' Հայոց ցեղասպանության ճանաչում եւ հետեւանքների փոխհատ ւցում: