Ուկրաինայում ազատվել են «Զվեզդա» հեռուստաալիքի լրագրողները, որոնք արդեն ժամանել են Մոսկվա: Այդ մասին ասված է հեռուստաալիքի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Լրագրողներն ազատ են արձակվել հունիսի 9-ին: «Տեսաօպերատորը եւ ինժեները ռուսական կողմին են հանձնվել Բելգորոդի մարզի «Նեխոտեեւկա» միջազգային անցակետում եւ պաշտպանության նախարարության հատուկ օդանավով տեղափոխվել Մոսկվա»,- հայտնել են հեռուստաընկերությունում:
«Զվեզդա»-ի նկարահանող խումբը (օպերատոր Անդրեյ Սուշենկովը եւ տեսաինժեներ Անտոն Մալիշեւը), որն աշխատում էր Ուկրաինայում, կապի մեջ չէր մտնում հունիսի 6-ի երեկոյից: Հեռուստաալիքի տվյալներով՝ թղթակիցներին ձերբակալել էին Սլավյանսկից ոչ հեռու գտնվող հսկիչ անցակետում:
Սեւ համազգեստով զինված մարդիկ դիմակներ ու ձեռնաշղթաներ էին հագցրել լրագրողներին եւ ծնկի բերել նրանց: Դրանից հետո նրանց տեղափոխել էին անհայտ ուղղությամբ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: