Չնայած' ՀԱԿ համակիր Գայանե Առուստամյանի խոսքով, ընդդիմադիր դաշինքը չի հայտարարել, որ բոյկոտում է նախագահական ընտրություններն, այլ պարզապես չի մասնակցում այդ գործընթացներին, իր դիտարկմամբ' ստեղծված իրավիճակից ելքը բոյկոտելն է:

«Բոյկոտելը պայքարի ձև է: Որպեսզի ընտրազանգվածը չմասնակցի ընտրությանը և բոյկոտի, պետք է աշխատել այդ ուղղությամբ, կոչեր անել, բացատրել իրավիճակը: Այս ձևը ենթադրում է, որ հանրությունն այլևս չի վստահում այն իշխանություններին, որոնք պատասխանատու են ընտրական գործընթացի համար»,- galatv.am-ի հետ զրույցում նշեց Գայանե Առուստամյանը: Որպեսզի պայքարի այս ձևը կայանա, վերջինիս կարծիքով, բոյկոտել պետք է զանգվածաբար' ոչ ոք չպիտի գնա ընտրատեղամաս և ոչ մի քվեաթերթիկ չպիտի նետվի քվեատուփի մեջ.

«Ցավոք, պետական կառույցներում աշխատողները կգնան ընտրություններին և կնպաստեն, որ բռնապետությունը վերարտադրվի»:

Մեր հարցին, թե ճի՞շտ է համարում ընդդիմադիր երկու գործիչների' Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունն ընտրական գործընթացին, Գայանե Առուստամյանը պատասխանեց, որ այդ մասնակցությունը նպաստում է ռեժիմի վերարտադրմանը:

Պատասխանելով նույն հարցին' «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը նույնպես համաձայնեց, որ մասնակցությամբ լեգիտիմացվում է գործընթացը:

«Առիթից օգտվելով' ես նույնպես կոչ կանեի այդ մարդկանց' ընդդիմադիր պիտակով հայտնի գործիչներին, և բոլորին, որպեսզի օր առաջ լքեին նեխած քաղաքական դաշտը: Ոչ միայն չմասնակցեին, այլ նաև լքեին այդ դաշտը' թողնելով Սերժ Սարգսյանին իր էպոսագետի հետ նորից վերընտրվելու»:

Նույն կոչը Սեֆիլյանն ուղղեց նաև քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանին.

«Ինքը նույնպես պետք է լքի այդ դաշտը: Այդ դաշտում որևէ պրպտում, որևէ արդյունքի հասնել հնարավոր չէ: Ովքեր որ անկեծղ են և ունեն մտադրություն մեր ժողովրդին ծառայելու, պետք է լքեն այդ դաշտը»,- galatv.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց Ժիրայր Սեֆիլյանը:

Սիրանուշ Հարությունյան