ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ «ռազմավարական գործընկերությանը» վերադառնալը ներկա այս փուլում հնարավոր չԷ: Այս եզրակացությունն Է բովանդակում ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության կողմից հրապարակված զեկույցը, որ վերաբերում Է անվտանգության հարցերին: Այն մի խումբ փորձագետների կողմից հատուկ պատրաստվել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի համար:

 

«ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը «ռազմավարական գործընկերությանը» չեն կարող վերադառնալ, քանի դեռ ՌԴ-ի ղեկավարությունն այնպիսի գործողություններ Է իրականացնում, որոնք սպառնում են Եվրոպայի անվտանգությանը եւ անդրատլանտյան հանրակցության համոզմունքների լիակատար հակադրությունն են»,-նշվում Է փաստաթղթում:

 

Դրանում ընդգծվում Է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չպետք Է Ռուսաստանի հետ համագործակցությունից ազգային տնտեսական շահերը բարձր դասեն հավաքական պաշտպանության հարցում իրենց պարտավորություններից:

 

Դրա հետ մեկտեղ, զեկույցի հեղինակներն անհրաժեշտ են համարում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի (ՌՆԽ) շրջանակներում դեսպանների եւ ավելի բարձր մակարդակով պահպանել փոխգործակցությունը, որպեսզի ապահովվի գործողությունների համակարգման հնարավորությունը միջազգային անվտանգության այն մարտահրավերներին հակազդելիս, որոնք երկուստեք անհանգստություն են առաջացնում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: