Էլցանցերում տնօրեն աշխատելը, կամ այդտեղ աշխատանք ունենալը շատ պահանջված է, բոլորն են ձգտում այնտեղ աշխատել, քանի որ շահութաբեր է:

 

Նման կարծիքի է նաև ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը: Վերջինիս կարծիքով' անգամ պատերազմ է գնում էլեկտրացանցի տնօրեն նշանակելու համար.

 

«Պատերազմ է գնում էլեկտրացանցի տնօրեն նշանակելու համար,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ հավելելով.- Այդ ինչո՞ւ են մարդիկ այդպես գլխապատառ վազում էլեկտրացանցերի տնօրեն աշխատելու համար, որովհետև ամենապահանջված աշխատանքն է, ով գալիս է, մեզ դիմում է, ասում է մեզ էլեկտրացանցում մի հատ գործ տուր»:

 

ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով' լույսի թանկացումը շատ բացասական կանդրադառնա ժողովրդի կենսամակարդակի վրա: «Հիմնավորելը շատ հեշտ է, փաստը մնում է փաստ, որ էլեկտրաէներգիան չորս դրամով փորձում են բարձրացնել: Տնտեսագիտական հաշվարկներ են անում, չգիտեմ ոնց և ինչ են անում, բայց որ ժողովրդի կենսամակարդակի վրա դա շատ բացասական կանդրադառնա' դա միանշանակ է: Չորս դրամը քիչ չէ, դա բնակչությանը միանշանակ վնաս է»,- նշեց Հարությունյանը:

 

Վերջինիս կարծիքով այս հարցում իշխանությունն անելիք չունի, քանի որ էլցանցերը մասնավոր ընկերություն է: «Այդ ընկերությունները հայտ են ներկայացնում հանձնաժողովին, որ չենք կարող այս ձևով աշխատել, կորուստները շատ են, բայց եթե հենց իրենք գողությունների ճանապարհը փակեն կարելի է այդ չորս դրամը իջեցնել»,- ասաց Համլետ Հարությունյանը: