«Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով համաժողովը համայն հայության հոգևոր մայրաքաղաքում' Էջմիածնում է մեկտեղել Մերձավոր Արևելքի, Սիրիայի, Ռուսաստանի Դաշնության, Եվրոպայի տարբեր երկրների և ԱՄՆ-ի Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքական, հասարակական գործիչների: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապե տ Հովիկ Աբրահամյանը: Միջազգային խորհրդակցությունն անցկացվում է հունիսի 11-12-ը' Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հրավիրմամբ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հյուրընկալությամբ:

 

Համաժողովի բացման խոսքով հանդես եկավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը' ջերմորեն ողջունելով ներկաներին Սիրիական ճգնաժամի շուրջ քննարկմանը մասնակցելու համար: «Հավաքվել ենք քննության առնելու Սիրիական ճգնաժամի առիթով Եկեղեցիների առջև մարտահրավերները: Մեզ համար գոհունակություն է, որ այս հավաքը գումարվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Մայր Աթոռը Սուրբ Էջմիածինը' որպես աշխարհասփյուռ հայության հոգևոր կենտրոն, իր սերն ու հոգածությունն է տարածում իր զավակների վրա, ովքեր որպես օրինահարգ ու ստեղծարար քաղաքացիներ ապրում են աշխարհի բազում երկրներում, նաև դարեր ի վեր' Մերձավորարևելյան տարածաշրջանում»,-նշեց Վեհափառ Հայրապետը:

 

Մերձավոր Արևելքի երկրները կարևոր դերակատարություն են ունեցել հայոց պատմության մեջ, հատկապես' Սիրիան, որ անցյալ դարասկզբին Հայոց ցեղասպանության դժվարին տարիներին իր դռները բացեց մեր զավակաց առջև և ողջունեց մեր ժողովրդի' խաղաղ կյանք կառուցելու ձգտումն ու ցանկությունը: Հայ ժողովուրդը երախտագետ է արաբ ժողովրդին և աղոթքով է հիշում իսլամ ու քրիստոնյա հավատքի բազմաթիվ անձանց, ովքեր ներղության պահին օգնեցին հայերին:

 

«Մենք խորը ցավ ենք զգում' ականատես լինելով Մերձավորարևելյան տարածաշրջանում շարունակվող ճգնաժամին: Պատերազմի չարիքը խլել է մեծաթիվ անմեղ մարդկային կյանքեր' անկախ տարիքից, սեռից ու կրոնական համոզմունից: Այս իրականությունն ավելի ողբերգական է, երբ տեղի է ունենում 21-րդ դարի սկզբին, Քրիստոնեական երրորդ հազարամյակի արշալույսի, որին մարդկությունն ապասում էր' ակնկալելով, որ պիտի դառնա ազատության և արժանապատվության, ազգերի ինքնորոշման և մարդկային իրավունքների պաշտպանության ծաղկման և հանդուրժողականության դարաշրջան»,-ընդգծեց կաթողիկոսը:

 

Սիրիական ճգնաժամը ցավալի հետևանքներ է ունենում տարածաշրջանի քրիստոնյաների կյանքում: Բոլորովին վերջերս սպանվեցին կաթոլիկ քահանաներ և միանձնուհիներ, բռնի կերպով կրոնափոխ արվեցին քրիստոնյա ընտանիքներ, Ասորի Ուղղափառ եկեղեցու և Անտիոքի Պատրիարքության մեր երկու հոգևոր եղբայրները տևական ժամանակ գտնվում են գերության մեջ և նրանց ճակատագիրն առայժ անհայտ է:

 

«Սիրելիներ, մենք հանդիպում ենք Աստվածաշնչյան Արարատ լեռան հովանու ներքո' մարդկային ցեղի փրկության և խաղաղության առաջին ապաստանում, և մեր աղոթքն է, որ Աստված առաջնորդի ձեր քննարկումները և Իր Սուրբ Հոգու շնորհիվ զորացնի խաղաղության ուղիներն աշխարհում: Թող մեր Տիրոջ շնորհները լինեն ձեզ հետ ու բոլորի, այսօր և միշտ. ամեն»,-նշել է Վեհափառ Հայրապետը: