Ամերիկացի հայտնի փոպ-կատարող Ջենիֆեր Լոպեսը կմասնակցի ֆուտբոլի 2014 թվականի Աշխարհի առաջնության բացման արարողությանը, որը տեղի կունենա հունիսի 12-ին Սան Պաուլուում, միջոցառմանը մասնակցելու կապակցությամբ նրա մերժման վերաբերյալ հաղորդումները «վաղաժամ» էին: Այդ մասին հաղորդել է արգենտինական Infobae կայքը' վկայակոչելով երգչուհու ներկայացուցիչներին:
Լոպեսն ամերիկա-կուբացի ռեպեր Արմանդո Քրիստիան Պերեսի, որն ավելի հայտնի է որպես Փիտբուլ, և բրազիլացի երգչուհի Կլաուդիա Լեյտեի հետ մասնակցել է ֆուտբոլի 2014-ի Աշխարհի առաջնության պաշտոնական երգի' We Are One-ի ձայնագրությանը: Ավելի վաղ հաղորդվել էր, թե պրոդյուսերության հետ կապված խնդիրների պատճառով նա չի կարողանա ժամանել բացման արարողությանը:
«Ջենիֆերը չի ցանկանում հիասթափեցնել ո′չ իր երկրպագուներին, ո′չ էլ ֆուտբոլասերներին, այնպես որ, նա կժամանի այնտեղ (բացման արարողությանը)»,- երգչուհու ներկայացուցիչների խոսքը մեջբերում է հրատարակությունը:
25 րոպե տևողությամբ արարողության ընթացքում ելույթ կունենան շուրջ 600 արտիստներ, այդ թվում' մարմնամարզիկներ, ակրոբատներ և կապոէյրա պարողներ: We Are One երգը' Լոպեսի, Փիտբուլի և Լեյտեի կատարմամբ, պետք է եզրափակի արարողությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: