Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր հերթական հանդիպումն ունեցավ վերջին շրջանում Սիրիայից գաղթած բժիշկների հետ։ Քննարկման հիմնական թեման նրանց աշխատանքի տեղավորման հարցն էր։ Հանդիպմանը ներկա էին գրեթե բոլորը' մոտ 50 բժիշկ, որոնցից 20-ն արդեն ապահովվել է աշխատանքով։

Դեռ նախորդ հանդիպման ընթացքում մի խումբ սիրիահայ մասնագետներ մասնավոր առանձին կլինիկա բացելու ցանկություն էին հայտնել։ Այս անգամ ավելի հստակեցվեց, թե նախարարությունն ինչ հարցերում կարող է աջակցել, եւ այդ ուղղությամբ Դերենիկ Դումանյանն իր տեղակալներին կոնկրետ հանձնարարականներ տվեց։

Մեկ անգամ եւս ճշգրտվեցին նախարարությունում սիրիահայ գործընկերների մասին հավաքագրված տվյալները' ով ինչ մասնագիտություն ունի եւ որ ոլորտում է նախընտրում աշխատել։ Հենց քննարկման ընթացքում բժիշկներից մեկը համաձայնեց աշխատել մոտակա մարզում։ Մի քանի ստոմատոլոգների եւ երկու դեղագետի եւս կոկրետ աշխատանք առաջարկվեց։ Որոշ առաջատար մասնագետներ էլ ցանկություն հայտնեցին զբաղվել նաեւ դասախոսական աշխատանքով' ինչպես Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, այնպես էլ' ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական քոլեջներում։ Դերենիկ Դումանյանը վստահեցրեց, որ հանդիպման ընթացքում բարձրացրած հարցերին մոտ օրերս լուծում կտրվեն, եւ բոլոր մասնագետներին աշխատանք կառաջարկվի։ Այդ նպատակով նախարարը խոստացավ բանակցել նաեւ մասնավոր դեղարտադրողների հետ։

Սիրիահայ բժիշկների խնդրանքով այսուհետ յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրը պարբերաբար հանդիպումներ կկազմակերպվեն նախարարի հետ։