Էլեկտրանէներագիայի սակագնի հարցում Հայաստանում պետք է կանխատեսելիություն լինի, ինչը շատ կարևոր նշանակություն ունի: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Վերջին 15 տարիների ընթացքում մեր երկրում էլեկտրաէներգիայի սակագինը մի քանի անգամ թանկացել է: Վերջին անգամ թանկացել է անցած տարի, և սա նշանակում է, որ այս հարցում մենք կանխատեսելիությու ն չունենք և չունենք երաշխիքներ, որ մեկ տարի հետո նորից այս խնդրի առջև չենք կանգնի: Մենք կարծում ենք, որ այս հարցում հարկավոր է կանխատեսելիություն և կայունություն ապահովել»,-ասաց նա:

 

Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ իրենք հանդիպել են Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, ով շարունակել է պնդել, որ թանկացումը նպատակ ունի փակել էլեկտրաէներգետիկ համակարգում սպասվող ֆինանսական ճեղքերը: «Անհասկանալի է, թե այդ ինչ ճեղքերի մասին է խոսքը և կամ այդ ճեղքերն ում մեղքով են առաջացել, սակայն մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի այս խնդիրները լուծում ստանա առանց թանկացման և նաև հասնենք կանխատեսելիության ապահովման, որովհետև անկանխատեսելիության դեպքում մենք կարող ենք ներդրուներ կորցնել»,- ասաց Վարդանյանը:

 

Վարդանյանն ընդգծեց, որ կառավարությունը պետք է ուղիներ գտնի խնդիրը կարգավորելու, այդ ֆինանսական ճեղքերն այլ եղանակով փակելու համար: «Կառավարությունն ամեն ինչ պետք է անի' թանկացումից խուսափելու համար: Առաջիկայում Ազգային ժողովում կլինեն քննարկումներ այս հարցի շուրջ, մենք, իհարկե, դրանց կմասնակցենք և կներկայացնենք մեր առաջարկները», եզրափակեց ՀՅԴ պատգամավորը:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերութ յուններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում' 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:

 

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 17-ին խորհրդարանական լսումներ կկազմակերպի էլեիտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ: