«Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած' ԴԱԻՇ խմբավորումը, որն անընդհատ հարձակումներ է գործում իրաքյան քաղաքների վրա, նաև հարձակվել է Մոսուլում գտնվող հայկական Սբ Էջմիածին եկեղեցու վրա: Ինչպես հաղորդում է Asbarez պարբերականը, այս մասին տեղեկացրել է Դահուկի շրջանի հայ համայնքի ղեկավար Մասիս Շահինյանը:

 

Ավելի վաղ ԴԱՒՇ-ի հարձակումից հետո Մոսուլի 65 հայ ընտանիքներ և ծխատեր քահանան ստիպված հեռացել էին քաղաքից:

 

Ահաբեկչական խմբավորումը հարձակվել է Իրաքի մեծ ու փոքր քաղաքների վրա և հայտարարել է Բաղդադ ներխուժելու մտադրության մասին: Արաբական աղբյուրները տեղեկացնում են, որ իրաքյան ուժերին հաջողվել է կանգնեցնել նրանց առաջընթացը դեպի Բաղդադ:

 

Քրդական աշխատավորական կուսակցությունը, որը կենտրոնացված է Հյուսիսային Իրաքի Քանդիլ լեռներում, հայտարարել է, որ իր ուժերը պատրաստ են դիմակայել ԴԱԻՇ-ի հարձակումներին և երաշխավորել քրդերի, արաբների, թուրքմենների և հայերի անվտանգությունը, ովքեր ապրում են Հյուսիսային Իրաքում և ովքեր հեռացել են իրենց տներից:

 

Հայ առաջնորդարանի տվյալներով Իրաքում մնացել են 15-16 հազար հայեր, մասնավորապես՝ Բաղդադում, Բասրայում, Քիրքուքում և Մոսուլում: Ավետարանչական եկեղեցու քրիստոնյաների թիվը տատանվում է 5-6 հազարի սահմանում: Նրանք բնակվում են երկրի հյուսիսային շրջաններում, ինչպես նաև Բաղդադում և քիչ թվով Բասրայում:

 

Քրիստոնյա առաջնորդների տվյալներով քրիստոնյա բնակչության 50 տոկոսը բնակվում է Բաղդադում, իսկ 30-40 տոկոսը հյուսիսում գտնվող Մոսուլում, Էրբիլ, Դահուկ և Քիրքուք քաղաքներում և նրանց մերձակայքում: