ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը կոչ է արել կոնգրեսականներին կողմ քվեարկել «Թուրքիայի քրիստոնեական կառույցների նկատմամբ պատասխանատվության մասին» օրինագծին: Թուրքական կառավարությունը հետևողականորեն ջանքեր է գործադրում այն արգելափակելու ուղղությամբ: Էդ Ռոյսի և կոնգրեսական Էլիոթ Էնգելի' կրոնական ազատությունների մասին օրինագիծը (Ն.Պ.4347) նպատակ ունի երաշխավորել Թուրքիայում գտնվող քրիստոնեական մշակութային ժառանգության պաշտպանությունը: Ընդունվելու դեպքում օրինագիծը Օբամայի վարչակազմին կպարտավորեցնի ամենամյա զեկույց ներկայացնել Թուրքիայում և Կիպրոսում թալանված քրիստոնեական եկեղեցիների և ունեցվածքի վիճակի մասին:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նախագահ Էդ Ռոյսին և Էնգելին կրոնական օրինագծին աջակցելու համար և ակնկալում ենք, որ պալատը սկզբունքային ու պրակտիկ դիրքորոշում կդրսևորի ներկայիս Թուրքիայի և գրավյալ Կիպրոսի քրիստոնյաների' սեփական աղոթքի տներում իրենց հավատն իրականացնելու իրավունքը պաշտպանելու գործում»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը:
Նախքան Ն.Պ.4347 օրինագծի լսումները ներկայացուցիչների պալատում լսումներ տեղի կունենան «Պաշտպանելով քրիստոնեական ժառանգությունը Թուրքիայում» թեմայով: Ն.Պ.4347 օրինագծի լսումներն ու քննարկումները ուղիղ կհեռարձակվեն Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայքով:
«Այս օրինագիծը Թուրքիային պարտավորեցնում է հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին' պաշտպանելու և խթանելու մարդու իրավունքները, ինչպես նաև կոչ է անում ուշադրություն դարձնել թուրքական առաջնորդների' եկեղեցական ունեցվածքն իրենց օրինական տերերին վերադարձնելու չկատարած խոստումների վրա: Տասնամյակներ շարունակ Թուրքիայում գտնվող քրիստոնեական կառույցների գույքը' հատկապես հայկական, ասորական և ուղղափառ հունական համայնքներին պատկանող եկեղեցական գույքը, տարբեր պատճառաբանումներով կամ բռնի վերցվել կամ ապօրինի բռնագրավվել է Թուրքիայի իշխանությունների կողմից»,- օրինագիծը ներկայացնելու ժամանակ նշել էր Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը:
«Թուրքիայի Հանրապետությունն ու առհասարակ բոլոր ազգությունները պատասխանատվություն ունեն պաշտպանելու, վերանորոգելու և վերադարձնելու այն կրոնական հաստատությունները, որոնք ապօրինաբար պետական մարմինների կողմից խլվել էին համայնքների ու դրանց օրինական տերերի կողմից: Թուրքիայի հայկական, ասորական և ուղղափառ հունական համայնքները երկար տարիների ընթացքում պայքարում են իրենց խլված գույքի վերադարձի համար: Այս համայնքների կամքը պետք է հարգվի»,- ասել էր Էնգելը:
Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում կրել է շարունակական բնույթ և յուրօրինակ կապող օղակ է հանդիսանում ինչպես սուլթանական, երիտթուրքական, այնպես էլ քեմալական-հանրապետական վարչակարգերի միջև, հայկական հարցի լուծմանն ուղղված քաղաքականության մշակման գործում: Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրումից ի վեր շարունակում է ոչնչացնել իր տարածքում գտնվող հայկական պատմական հուշարձանները: Հակառակ թուրքական իշխանությունների' հայկական հուշարձանների վերաբերյալ իրենց հոգատար վերաբերմունքի մասին արած բարձրագոչ հայտարարությունների' թուրքերը չեն դադարեցնում հայկական հուշարձանների ոչնչացումը կամ թուրքացումը:
Թուրքերի կողմից օկուպացված Կիպրոսում նույնպես քրիստոնեական ժառանգությունը լուրջ վտանգի տակ է և կարող է իսպառ ոչնչացվել: ԵԱՀԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն' 1974 թվականից ի վեր թուրքերն ավերել են 500 եկեղեցի, ոչնչացրել կամ վաճառել եկեղեցիներում պահվող արժեքավոր իրերը, սրբապատկերները: Շուրջ 77 եղեղեցի վերածվել է մզկիթի, եվս 28 եկեղեցի վերածվել է ռազմական հոսպիտալի: