Հունվարի 11-ի երեկոյան կայացած ՀՀԿ շտաբի նիստից հետո տեղի է ունեցել նախագահական ընտրություններից հետո հավանական քաղաքական վերադասավորումների մասին խորհրդակցություն: Ըստ որոշ շրջանառվող լուրերի՝ ՀՀ վարչապետի հավանական թեկնածուն լինելու է Հովիկ Աբրահամյանը, իսկ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի թեկնածուն՝ Գալուստ Սահակյանը։
Գալուստ Սահակյանի թեկնածությունն առաջադրելուց ՀՀ նախագահը շեշտը դրել է նրա փորձի և կազմակերպչական ունակությունների վրա և հավելել, որ Սահակյանի՝ խմբակցության ղեկավար եղած ժամանակ ՀՀԿ խմբակցությունը կարողացել է արդյունավետ կազմակերպել իր գործունեությունը: Բայց նախքան խորհրդակցությունը իմանալով նախօրոք քննարկվող հարցերի մասին՝ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը և Էդուարդ Շարմազանովը փորձել են իրենց անունները շրջանառության մեջ դնել, որը նախագահի կողմից համարվել է չհիմնավորված։
Ըստ նույն աղբյուրների՝ խորհրդակցության ողջ ընթացքում լուռ նստած է եղել Տիգրան Սարգսյանը և միայն արձագանքել է այն ժամանակ, երբ ՀՀԿ առաջնորդն առաջարկել է նրան վերադառնալ Կենտրոնական Բանկ, սակայն Տ. Սարգսյանը հրաժարվել է: