Քեսաբի` սիրիական բանակի վերահսկողության տակ անցնելուց հետո համացանցում հայտնվել են ավերված քաղաքի շենքերի, եկեղեցիների, խանութների, հյուրանոցների և այլ հաստատությունների լուսանկարներ: Սիրիական «Ալ Իխբարիա» հեռուսաընկերությունը ցուցադրել է Քեսաբի հայ ավետարանական ս. Երրորդություն եկեղեցին, որի գմբեթի խաչերը ծռված են, իսկ եկեղեցին ավերված ու քարուքանդ արված: Ավերված է նաև հայ կաթողիկե ս. Միքայել եկեղեցին: Հրկիզված և ավերված է Միսակյան մշակութային կենտրոնը:
Սիրիական բանակը հունիսի 15-ին վերահսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա' վերականգնելով կայունությունն ու անվտանգությունը: Քաղաքի կենտրոնում բարձրացվել է սիրիական դրոշը: Բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել:
Ավելի վաղ լիբանանյան «Ալ Մայադին» կայքը փոխանցել էր, որ հունիսի 14-ին բանակը առաջխաղացում է գրացնել Երկու Աղբյուր (Էքիզոլուք, Ան Նաբային) և Գարատուրան բնակավայրերի ուղղությամբ: Բանակը վերահսկողություն է հաստատել նաև Սամրա և Էքիզոլուք գյուղերի վրա:
Լուրեր են շրջանառվում, որ նահանջող ահաբեկչական խմբավորումների առջև թրքական սահմանապահ ուժերը փակել են սահմանը: