Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի վերջին նիստի ընթացքում հայկական պատվիրակության անդամները բարձրացրել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման հարցը: Ազգային ժողովում անցկացված ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց հանձնաժողովի հայկական պատվիրակության անդամ Հայկ Բաբուխանյանը: «Մենք բարձրացրել ենք այն հարցը, թե ինչպես է այդ շրջափակումն ազդում մեր երկրի տնտեսության վրա»,- ասաց Բաբուխանյանը:

 

Հայկական պատվիրակության անդամները բարձրաձայնել են իրենց տհաճ զգացմունքների մասին' կապված Ալիևի նամակի հետ, որն Աստանայում ընթերցեց Ղազախստանի նախագահ Նազարբաևը: Բաբուխանյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը մեզ համար մնում է ամենակարևոր խնդիրը, որովհետև դա և′ մեր անվտանգությունն է, և′ մեր ազգային կարևորագույն խնդիրներից մեկը: «Անկասկած, մենք պետք է դիմենք ամբողջ աշխարհին, այդ թվում նաև Ռուսաստանին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, անվտանգությունը, խաղաղությունը լինեն ավելի երաշխավորված: Ես 25 տարի շարունակ ցանկացած վայրում բարձրացրել եմ Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը և որքան հնարավորություն ունենամ, կշարունակեմ բարձրացնել»,- ասաց Բաբուխանյանը:

 

Հայկական պատվիրակությունը հանձնաժողովի վերջին նիստի ընթացքում բարձրացրել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Մենք մեր ռուս գործընկերների ուշադրությունն ենք հրավիրել այն բանի վրա, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակը պետք է նույնպես տեղ գտնի հանձնաժողովի աշխատանքներում»,- ասաց Բաբուխանյանը: