«Իտալիայի ոսկե ձայն», աշխարհահռչակ իտալացի երգիչ Ռոբերտինո Լորետիի' հունիսի 19-ին Ստեփանակերտում կայանալիք բարեգործական համերգը ստիպել է Բաքվին կրկին ընկել հիստերիայի մեջ: Ադրբեջանական մի շարք կայքեր զարմանք եւ տարակուսանք են հայտնել, որ հերթական համաշխարհային աստղը ցանկություն է հայտնել Արցախում համերգ տալ: Ինչպես հաղորդում է vesti.az-ը, Լո րետիի համերգի հետ կապված տեղեկություններն անհանգստացնում են ադրբեջանցի հասարակությանը: Այդ առթիվ ռուս արտիստ եւ երգահան Սերգեյ Ապատենկոն զրուցել է Ռոբերտինոյի հետ եւ տեղեկացրել, թե ինչ հետեւանքներ կարող են առաջանալ Լեռնային Ղարաբաղում իր ելույթից հետո։
«Ես խոսել եմ նրա հետ։ Իսկապես, մոտ օրերին ակնկալվում է Ռոբերտո Լորետիի այցը Հայաստան։ Ես նրան զգուշացրել եմ Լեռնային Ղարաբաղում ելույթ ունենալու հետեւանքների մասին եւ ուզում եմ նշել, որ նա իմ խոսքերին բավականին լուրջ է վերաբերվել»,- ասել է Ապատենկոն։
Ադրբեջանական կողմը զրուցել է նաեւ Իտալիայում Լորետիի ներկայացուցիչ Ֆաբրիցիո Մասչիի հետ: Baku.az-ի փոխանցմամբ, Մասչին փոխանցել է, որ Լորետին իսկապես պլանավորել է ելույթ ունենալ Լեռնային Ղարաբաղում։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն էլ հրահանգել է Իտալիայում Ադրբեջանի դեսպանին կապ հաստատել երգչի հետ եւ նրա ուշադրությունն ուղղել այն փաստին, որ Արցախ այցելությունը պաշտոնական Բաքվի համար անթույլատրելի է եւ եթե Լորետին այցելի Ստեփանակերտ, ապա բազմաթիվ այլ հայտնի արվեստագետների, քաղաքական գործիչների ու լրագրողների նման կհայտնվի Բաքվի «սեւ ցուցակում» եւ կհամարվի «պերսոնա նոն գրատա»: