Ազգային ժողովի արտահերթ նիստը հունիսի 19-ից սկսած կշարունակվի ևս 4 օր: Մինչ այդ, այսօր մեկնարկած նիստն արդեն երկու անգամ ընդմիջվել է. առաջին ընդմիջումը վերցրել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, երկրորդ 20 րոպեանոց ընդմիջումը' Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ով նիստի մեկնարկին հայտարարել էր, որ վաղվանից սկսած՝ նիստերը կգումարվեն ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 18:30-ը: «Մենք վաղվանից սկսած կշարունակենք աշխատել ևս 4 օր, քանի որ կառավարությունը ներկայացրել է հրատապ հարցեր, և մենք պետք է հասցնենք ավարտել այդ հարցերի քննարկումը»,- ասաց Սահակյանը:

 

ԱԺ արտահերթ նիստը հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ: Հունիսի 17-ին կառավարության արտահերթ նիստում որոշվել է խորհրդարանի քննարկմանը ներկայացնել հրատապ հարցեր: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց օրակարգը, որը բավականին հագեցած էր: