Համաշխարհային որոնողական Google Maps ծրագրում Արցախի տարածքում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գրությունը և մի շարք այլ շրջանների մոտ հայատառ անվանումների առկայությունն առաջացրել է Ադրբեջանի հիստերիան:

 

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ այդ երկրի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական բաժնից իրենց մտահոգությունն են հայտնել այս փաստի առնչությամբ և միջազգային որոնողական քարտեզում նման գրությունների հայտնվելու փաստը որակել են իբրև սադրանք Ադրբեջանի նկատմամբ:

 

Նրանք նշել են, որ նմանօրինակ միջադեպեր եղել են նաև նախկինում և միայն իրենց երկարատև պնդումներից հետո դրանք հեռացվել են: «Ցավոք պետք է հայտարարենք, որ Google-ը պարբերաբար նման սադրանքներ է թույլ տալիս»,- հայտարարել են Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցները: