Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել Իրաքի հյուսիսում 11 քաղաքներ զավթած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) կոչված ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններ չանցկացվելու մասին տարօրինակ հայտարարությամբ:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է, որ ԻԼԻՊ-ի զինյալ ները թաքնվում են խաղաղ բնակչության մեջ եւ դա բացառում է այդ խմբավորման դեմ որեւէ ռազմական գործողության անցկացումը: Նրա խոսքով, ռազմական միջամտությունը կարող է մեծ թվով մարդկանց մահվան պատճառ դառնալ:
Էրդողանն ասել է նաեւ, որ Իրաքում հակամարտությունը վերածվել է կրոնական աղանդների միջեւ բախումների: «Իրադարձությունը դուրս է եկել ԻԼԻՊ-ի եւ Իրաքի բանակի միջեւ հակամարտություն լինելուց եւ վերածվել սունի-շիա միջաղանդային պատերազմի: Մենք դա կտրականապես դատապարտում ենք: Մահմեդականները չեն կարող սպանել իրար: Այս պահին մեր միակ խնդիրը ԻԼԻՊ-ի կողմից պատանդ վերցված մեր մոտ 80 քաղաքացիներին հայրենիք վերադարձնելն է», -ասել է Էրդողանը:
Միջազգային ԶԼՄ-ները բացահայտել էին Սիրիայում կառավարական ուժերի դեմ մարտերին ԻԼԻՊ-ի մասնակցությանը Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը, եւ այժմ թուրքական իշխանությունները չեն ցանկանում միջամտել Իրաքում ԻԼԻՊ-ի գործողություններին' միջազգային հանրությանն իր դեմ չուղղելու համար, ինչով եւս շարունակում են աջակցել այդ ահաբեկչական կազմակերպությանը: