Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը պարտադիր սոցիալական վճարը և «պարտադիր կուտակայինը» նույնացնող անձանց խորհուրդ է տալիս «այլ ակնոցով նայել» իրականությանը: «Հուլիսի 1-ից բարձրացնելու ենք 200 հազարից ավելի պետական աշխատողների աշխատավարձեր, միջինը՝ 40 տոկոսով: Կառավարությունը համարձակ քայլ է իրականացրել՝ մոտ 38 միլիարդ դրամ հատկացնելով աշխատավարձերի բարձրացմանը: Միաժամանակ, պետական հատվածի համար նպատակային սոցիալական վճար է սահմանվում և դա, իմ կարծիքով, շատ ճիշտ քայլ է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների, մշակույթի տների, երաժշտական դպրոցների, մանկապարտեզների և այլ պետական հաստատությունների աշխատողների սոցիալական վճարը, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ, կատարելու է կառավարությունը՝ պետական բյուջեից:

 

Ազգային ժողովը քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին կառավարության նոր օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է պարտադիր կուտակային վճարները սահմանել որպես նպատակային սոցիալական վճար: Օրենքի ընդունումից հետո այն կտարածվի միայն պետական հատվածի աշխատողների վրա, իսկմասնավոր հատվածի համար այն կամավոր կլինի մինչև 2017թ.: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, որ նոր փոփոխություններով կառավարությունը համապատասխանեցրել է օրենքը ՀՀ Սահմանադրությանը և ականջալուր է եղել քաղաքացիների բողոքներին և մտահոգություններին: