Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին իր թիմի' Կամերունի ընտրանու նկատմամբ հաղթանակից հետո Նեյմարին համեմատել է Մեսսիի հետ և խոստովանել, որ չէր ցանկանա 1/8 եզրափակչում հանդիպել Չիլիի ընտրանուն:
«Բրազիլիան կախված է Նեյմարից' այնպես, ինչպես Արգենտինան՝ Մեսսիից: Նրանք երկուսն էլ այնպիսի ֆուտբոլիստներ են, ովքեր կարող են իրենց թիմերի համար հաղթանակ ապահովել: Շատերը կարծում էին, որ Չիլին դուրս չի գա հաջորդ փուլ: Սակայն ես զարմացած չեմ: Այս թիմը շատ կազմակերպված է և որակյալ ֆուտբոլ է ցուցադրում: Եթե մրցակիցներին ես ընտրեի, ապա կնախընտրեի հիմա չհանդիպել Չիլիին: Մեր մայրցամաքի թիմերի հետ հեշտ խաղեր չենք ունենում»,- Սկոլարիի խոսքը մեջբերում է Goal.com-ը: