Աֆրիկյանների շենքի պաշտպանությանն ուղղված բողոքի ակցիաներին միացավ նաև աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը: Հունիսի 24-ին Աֆրիկյանների շենքի հարևանությամբ դաշնակահարը կազմակերպել էր փոքրիկ համերգ' այս կերպ իր աջակցությունը հայտնելով այն երևանցիներին, ովքեր պայքարում են Աֆրիկյանների շենքի պահպանության համար: Աֆրիկյանների շենքի հարևանությամբ հավաքվել էր մարդկանց բազմություն' ոչ միայն վայելելու Համասյանի արվեստը, այլ միաժամանակ կոչ անելու չքանդել պատմամշակութային կառույցը:
«Արմենպրես»-ին Համասյանն ասաց, որ իր համերգը խաղաղ է և ինքը փորձում է խաղաղ միջոցներով և իր արվեստով արտահայտել իր դժգոհությունը: Երաժիշտը ներկայացրեց մի քանի ստեղծագործություն Կոմիտասից' իր համերգն անվանելով «Աֆրիկյան ռեքվիեմ»:
Ավելի ուշ նա մոտեցավ շենքը շրջապատած ոստիկաններին և խնդրեց ներս մտնել: Ոստիկանների մերժմանն ի պատասխան Համասյանն ասաց, որ կարդացել է շենքի մասին. այն Երևանի ամենահին կառույցներից մեկն է և ավելի քան 130-ամյա պատմություն ունի: «Այս շենքում եղել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը: Կարծում ենք, որ հնարավոր է և մասնագետներն էլ ասում են, որ հնարավոր է շենքը պահպանել և ներառել այլ ճարտարապետական նախագծի մեջ, այլ ոչ թե ոչնչացնել: Ֆասադային մասը քանդված է, մի քանի օր շարունակ ապամոնտաժման աշխատանքներ են ընթանում, սակայն դրանք չեն համապատասխանում օրենքին: Կա դատական հայց, ընթանում են իրավական գործընթացներ. հուսով ենք, որ մեր պատկան մարմինները թույլ կտան, որ մեր ճարտարապետական արժեքները մնան իրենց տեղում»,- ոստիկաններին ասել է Համասյանը' միաժամանակ շնորհակալություն հայտնելով ոստիկաններին, որ թույլ են տվել իրականացնել իր խաղաղ ակցիան և նվագել հանուն Աֆրիկյանների շենքի պաշտպանության:
«Հին Երևանն այնքան արժեքավոր է, որ պետք չէ ձեռք տալ: Թեկուզ կառուցեին, բայց ֆասադը պահեին: Ֆասադը տեղափոխելով արդեն Աֆրիկյան շենք չի պահպանվում: Հին Երևանը տանելով չեն պահպանում. հին Երևանը պահպանվում է, երբ շենքերը մնում են իրենց տեղերում և վերակառուցվում: Ցավ եմ ապրում, քանի որ տեսնում եմ վանդալիզմ: Շենքերը համարակալեցին ու տարան, ո՞ւր տարան, ի՞նչ արեցին` պարզ չէ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց երգիչ Արթուր Իսպիրյանը' հավելելով, որ «Հին Երևան» նախագծին չի հավատում:
Արդեն երկու շաբաթ է' հասարակական ակտիվիստները պայքարում են Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքի պահպանման համար: Կառավարության որոշմամբ շենքի տարածքը համարվել է գերակա շահ, և շենքն այժմ քանդում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը տեղեկացրել էր, որ Աֆրիկյանների շենքը ներառվելու է Հին Երևան նախագծում: Շենքի մի մասն արդեն քանդված է, մնացած հատվածը պարսպապատված է և ներս մտնելն արգելվում է:
Համասյանի համերգին նախորդեցին ու հաջորդեցին ցուցարարների աղմկոտ գործողությունները, նրանք անընդհատ բախում էին շինհրապարակը շրջափակած թիթեղյա պատնեշները և չէին ենթարկվում ոստիկանության հրահանգներին: Ակցիան ուղեկցվում էր տարբեր միջադեպերով, երբեմն` հրմշտոցներով: Դեպքի վայր էր ժամանել և օրենքը պահպանելու կոչ էր անում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցարարները վերջին շրջանում ոստիկանությունն ընտրում են որպես թիրախ, ու չնայած իրենք լոյալ են մոտենում բողոքողների գործողություններին, սակայն ակնհայտ է, որ իրավիճակը դուրս է բերվում ակցիայի շրջանակներից և ցուցարարները սահմանափակում են այլ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը: «Մենք հարակից շենքերի բնակիչներից ահազանգ ենք ստացել, որ իրենց հանգիստն է խախտվում, տրանսպորտային միջոցների վարորդները բողոքում են, որ խցանումներ են առաջանում: Անօրինական ակցիաներ են տեղի ունենում մի քանի օր, մասնավոր սեփականությունն են վնասում: Ես կոչ եմ անում դիմել պայքարի սահմանադրական ճանապարհի»,- ասաց Օսիպյանը:
Նա պնդում է, որ թե հունիսի 23-ին Սարյան փողոցում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ, թե այսօր ոստիկանության գործողությունները եղել են օրինաչափ, օրենքով թույլատրվող եղանակով շղթա են կազմել' խնդրելով քաղաքացիներին ազատել բանուկ մասը:
Ցուցարարները հրաժարվում են հեռանալ Աֆրիկյանների շենքի մոտից և նստել են շինհրապարակի հարակից տարածքում: