Մահացել է Դիարբեքիրի վերջին հայերից մեկը համարվող և երկու ամիս առաջ պաշտոնապես իր ամուսնությունը Սարգիս (Սըթքը) Էքենի հետ կնքած 87-ամյա Բայզար Ալաթան, ում հաճախ ուղղակի անվանում էին «Բայզո մորաքույր»: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Բայզար Ալաթայի հոգեհագստի արարողությունը տեղի է ունեցել ասորական Մայր Աստվածածին եկեղեցում: Ալաթային ճանապարհելու համար եկեղեցում հավաքվել էին նրա բարեկամներն ու հարևանները, ինչպես նաև շրջանում բնակվող այլ հայեր: Հոգեհանգստի արարողության ժամանակ եկեղեցու քահանա Յուսուֆ Աքբուլութը խոսել է Բայզոյի հյուրասիրության և միշտ օգնելու պատրաստակամության մասին: «Բայզո մորաքույրը խաղաղության խորհրդանիշ էր, սիրում էր մարդկանց: Առանց կրոնական, լեզվական և ռասայական խտրականության բոլորին ընդունում էր իր տանը: Եկեղեցում գտնվող բազմաթիվ հարևաններն ու մերձավորները դրա վկան են: Բոլորս ցականում ենք, որպեսզի Աստված հանգստություն տա նրա հոգուն»,- իր խոսքում ասել է քահանան:
Դիարբեքիրի վերջին հայերը' 84-ամյա Սըթքը (Սարգիս) Էքենը և 87-ամյա Բայզո Ալաթան 60 տարի միասին ապրելուց հետո ապրիլի 27-ին պաշտոնապես ամուսնացել էին հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում: Բայզոն հայտնել էր, որ չի ցանկացել մահանալ առանց ամուսնությունը կնքելու: 60 տարի անց պաշտոնապես ամուսնացած Բայզո Ալաթան նշել էր նաև, որ իր բոլոր ընկերները տարիներ առաջ արդեն մահացել են, ոչ ոք չի մնացել, և իրենք դարձել են քաղաքի տերերը: «Շատ էի ցանկանում ամուսնություն կնքել: Այսօր շատ ուրախ եմ: Մեզ ամեն անգամվա պես միայնակ չեն թողել: Բոլորը մեզ սիրում են, ես էլ նրանց եմ սիրում: Թող Աստված բոլորին նման երջանիկ օր պարգևի»,- ասել է 87-ամյա հարսնացուն: