ԵԽԽՎ-ում Իլհամ Ալիևի ելույթը ծանր տպավորություն է թողել: Այս մասին «Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է փորձագետ Արաստուն Օրուջլուն' մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարի երեկվա ելույթն ու պատգամավորների տված հարցերին նրա պատասխանները:

 

«Ընդհանուր առմամբ, ոչ մի նոր բան նա չասաց, այդպես նա խոսում է Ադրբեջանում, սակայն Արևմուտքում ևս նման կերպ խոսելն արդեն չափից ավելի է»,- ասել է ադրբեջանցի փորձագետը:

 

Օրուջլուն նշել է, որ Ալիևը ԵԽԽՎ-ում նյարդայնացած տեսք է ունեցել և սուր է արձագանքել յուրաքանչյուր քննադատական նկատողությանը: Խնդիրների ամբողջական բացասումը և ամենաակնհայտ բաներից կտրուկ հրաժարումը, ինչպիսին են ազատությունների խախտումը, լրագրողների ձերբակալությունները և քաղաքացիական հասարակության հետապնդումը, դրանք բոլորը խիստ տագնապալից գործոններ են, նկատել է տվել նա:

 

«Դրանով նա ցույց տվեց, որ հետագայում ևս գործելու է այնպես, ինչպես ինքն է ցանկանում և պատրաստ չէ ընդդիմախոսների հետ որևէ երկխոսության: Ընդ որում, ոչ միայն իր համաքաղաքացիների, այլ նաև արևմտյան գործընկերների հետ: Դա շատ վտանգավոր վարք է, որը ոչ մի լավ բան չի խոստանում»,- գտնում է փորձագետը: