Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը դեռևս չի որոշել, թե առաջադրված նախագահի թեկնածուներից ում է սատարելու: Այս մասին galatv.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: «Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը հավատարիմ է մնում իր լիբերալ գծին և դեռևս սպասում է թեկնածուների պլատֆորմների բարձրաձայնմանը: Մեր դիրքորոշման մասին կհայտարարենք հաջորդիվ, բայց երկու բան մնում է անփոփոխ, առաջինը՝ մեր ընդդիմադիր դիրքը, երկրորդը՝ մեր լիբերալ-ազատական աշխարհայացքը, ըստ այդմ մենք կանենք բոլոր հնարավոր քայլերը, որ չդավաճանենք այդ սկզբունքներից և ոչ մեկին»,-ասել է Անուշ Սեդրակյանը:
Վերջինս բացառել է, որ իրենք փետրվարյան նախագահական ընտրություններում կսատարեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ինչ վերաբերում է Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը սատարելու հարցին, ապա ըստ Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահի՝ այդ հարցն արդեն իսկ փակված է: «Մենք ասել էինք, որ կսատարենք Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, բայց վերջին հարցազրույցների ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իրեն որևէ այլ կողմնակի աջակցություն պետք չէ, ուստի մենք նպատակահարմար ենք գտնում այդ հարցը փակված համարել»,- մեզ հետ զրույցում նշել է Անուշ Սեդրակյանը:
Ազատություն կուսակցության համագումարին ներկա Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել էր, թե ղեկավար Հրանտը իրենց ընկերն է. մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է սատարեն իրենց ընկերոջ թեկնածությունը, Անուշ Սեդրակյանը պատասխանել է. «Այս աշխարհում անհնար բան չկա, բայց ես պետք է նշեմ, որ ազատ դեմոկրատները հրավիրված են եղել ոչ միայն Ազատություն կուսակցության համագումարին, և ներկա է եղել՝ հետևելով բոլոր հրավերներին, որովհետև ընդդիմադիր կուսակցությունների միջև համագործակցությունը համարում ենք մեր անկյունաքարային համագործակցության դաշտի խնդիրներից մեկը»:
Ինչ վերաբերում է Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահական ընտրություններին սեփական թեկնածուն չառաջադրելու փաստին, ապա, ըստ Անուշ Սեդրակյանի, այն պայմանավորված էր մի քանի հանգամանքով: «Եթե հաշվի առնենք, որ դա իմ թեկնածությունն էր, երկու գործոն աշխատեց, առաջինը, որ մենք հասկացանք, որ ընտրություններին հնարավորություն չունենք հաղթելու, և երկրորդ, որ այս ընտրական համակարգին դեմ ենք»,- ասել է Անուշ Սեդրակյանը:
Փայլակ Ֆահրադյան