Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը, «Երևանտրանս» ընկերությունը և Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանը կազմակերպել են ակցիա, որի ընթացքում վերոհիշյալ ուսումնական հաստատության ուսանողները մայրաքաղաքի կանգառագոտիներում հասարակական տրանսպորտի վարորրդներին կոչ են արել ղեկին չծխել, մեքենան վարելիս չխոսել բջջային հեռախոսով և կանգառել միայն այդ նպատակով նախատեսված տարածքներում: Կարգը չխախտելու, ուղևորների առողջությունն ու անվտանգությունը չվտանգելու համար կարգապահ վարորդներին շնորհակալություն են հայտնել և թխվածք հյուրասիրել: Հայտնաբերված սակավաթիվ կարգազանց վարորդներին էլ են հյուրասիրել' հույս ունենալով, որ այսուհետ նրանք էլ կարգապահ կդառնան:

 

Միջոցառմանը ներգրավվել են նաև այն քաղաքացիները, ովքեր կանգառագոտիներից դուրս են սպասել հասարակական տրանսպորտին: Ուսանողները նրանց էլ են քաղցրավենիք հյուրասիրել' հորդորելով, որ տրանսպորտին սպասեն միայն նախատեսված հատվածներում:

 

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ պարբերաբար շրջայցեր են կազմակերպվում՝ բացառելու համար սահմանված կարգը խախտելու դեպքերը: Ըստ նրա՝ վերջին շրջանում կարգազանց վարորդների թիվը կտրուկ նվազել է և նմանատիպ նախաձեռնությունները հաճախ բարոյախրատական ավելի մեծ ներգործություն են ունենում, քան վարչական լծակների կիրառումը:

 

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի պատասխանատուն քաղաքացիներին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել և, վարորդների կողմից թույլ տրված խախտումներ նկատելիս, ահազանգել Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 010-51-41-52, 010-51-41-87, 010-51-42-36 կամ «Երևանտրանս» ընկերության թեժ գծի 010-39-16-53 հեռախոսահամարներով: