ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տոնում է ծննդյան 60-ամյակը: Չնայած ամսաթիվը հոբելյանական է, սակայն երկրի ղեկավարն արդեն նշել է, որ այն մարդկանցից չէ, ովքեր նախօրոք են պատրաստվում ծննդյան տարեդարձներին: «Հասկանում եմ, որ հոբելյանական է, բայց այս հոբելյանական տարեդարձը, ցավոք սրտի, ես չեմ կարող ասել, թե այն հանգրվանն է, որ ես արդեն իրականացված եմ տեսել իմ բոլոր երազանքները: Մարդ արարածն այնպիսին է, որ փորձում է ինչ-որ հիշարժան տարեթվերի հետ կապել որոշակի հանգամանքներ»,- հունիսի 17-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր նախագահը' նշելով, որ իր 60-ամյակի առիթով չեն իրականացել բոլոր ցանկությունները:

 

«Ուստի այլ հանգամանք չի մնում, քան սպասել հաջորդ հոբելյանին' 65-ամյակին, որը ես կցանկանայի դիմավորել արդեն ազատ Արցախով, հստակ հաստատված խաղաղությամբ, արագ տեմպերով զարգացող Հայաստանով և նույնչափ արագ տեմպերով ներգաղթ երևույթներով: Ես կցանկանամ, որ բոլոր նրանք, ովքեր նշում են իրենց ծննդյան տարեդարձը, կատարված ցանկություններով դիմավորեն այն»,- նշել է Սերժ Սարգսյանը:

 

Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:

 

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում' որպես խառատ, աշխատել է մինչեւ 1979 թվականը: 1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա' երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական:

 

1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:

 

1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:

 

1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար:

 

1995-1996 թվականներին' ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա' ազգային անվտանգության նախարար:

 

1996-1999 թվականներին' ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար:

 

1999 թվականին' ՀՀ ազգային անվտանգության նախարար:

 

1999-2000 թվականներին' ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

 

1999-2007 թվականներին' ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

 

2000-2007 թվականներին' ՀՀ պաշտպանության նախարար:

 

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:

 

2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ' գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձեւավորված կառավարությունը:

 

2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը:

 

2013թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչեւ 2007 թվականի նոյեմբերը' կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ:

 

Երեւանի պետական համալսարանի խորհրդի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:

 

Ստացել է Արցախի հերոսի կոչում, «Ոսկե արծիվ» շքանշան, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» շքանշաններ, պետական այլ պարգևներ:

 

Ամուսնացել է 1983 թվականին: Կինը' Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում' զինվորականի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է:

 

Ունի երկու դուստր' Անուշն ու Սաթենիկը և չորս թոռնիկ' Մարիամը, Արան, Սերժը և Ռիտան:

 

Կենսագրությունը` ՀՀ Նախագահի պաշտոնական էջից