ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացումը իրավունքների պաշտպանության առանցքային երաշխիք է համարում: Նրա խոսքով' դժվար է պատկերացնել որևէ պետության իրավական դաշտի և կառավարման արդյունավետությունն առանց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման: «Հայաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի հանրապետության Նախագահի կարգադրությամբ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության ընդունումը: Այն կարելի է համարել կարևոր գործիք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, որի շնորհիվ մենք Սահմանադրությամբ ապահվում ենք մեր պետության ստանձնած պարտավորությունների կատարումը»,-Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում ասաց Աբրահամյանը:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ ռազմավարության ծրագրի մշակումը իրականացվել է տարբեր պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների համագործակցության արդյունքում: «Փետրվարի 27-ին Հայաստանի կառավարության որոշմամբ հաստատվեց մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության միջոցառումների ծրագիրը: Այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ միասնական փաստաթղթի շրջանակներում նախատեսվում են համակարգային կապի մեջ գտնվող այնպիսի միջոցառումներ, որոնք վերաբերում են պետական ամենատարբեր մարմիններին»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նա ընդգծեց, որ այս ծրագիրը համարվում է Հայաստանում մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդման առանցքային փուլ: Միջոցառումների ծրագրի մեկնարկը խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ գալիս է ապացուցելու այն իրականացնելու՝ իշխանությունների քաղաքական կամքը և ազդարարում միասնական փաստաթղթի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության նվիրված միջոցառումների իրականացումը:
Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր հավատարմարար Դիրկ Լորենցը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Օլեկսանդր Պավլյուկը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հանլոն, ովքեր իրենց խոսքում կարևորեցին ծրագրի մեկնարկը՝ ընդգծելով, որ ցանկացած երկրում, այդ թվում նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է գերակա արժեք լինի, իսկ մեկնարկող ծրագիրը մարդու իրավունքների ապահովման լավ երաշխիք է: