ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հուլիսի 1-ին հանդիպել է տաքսի ծառայություններ մատուցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և անհատ ձեռնարկատերերի հետ: Վարչապետը նշել է, որ օրեր առաջ հանրապետության նախագահի հետ ոլորտի ներկայացուցիչների հանդիպմա ն ժամանակ շոշափվել են բնագավառում առկա որոշ խնդիրներ, և հանձնարարական է եղել շահագրգիռ մարմինների մասնակցությամբ քննարկումներ իրականացնել: Անդրադառնալով կառավարության կողմից վերջին տարիներին կատարված բարեփոխումներին' Արա Հարությունյանն ընդգծել է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ ոլորտն ազատականացնելու համար: Բացի վարչարարության պարզեցումից, վարչապետի խոսքով, Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից որոշ ընկերություններ աջակցություն են ստացել նոր մեքենաներ ձեռքբերելու համար: Ոլորտի բարեփոխմանը միտված այս ձեռնարկումներն ուղղված են տաքսի ծառայությունների որակյալ աշխատանքի ապահովմանը, ինչը կխթանի նաև զբոսաշրջության զարգացումը:

 

Հանդիպմանը ներկա ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը իր հերթին նշել է, որ ընթացիկ տարում ավելացել է տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների թիվը, և ներկայումս հանրապետության տարածքում լիցենզավորված են ավելի քան 300 տաքսի մեքենաներ:

 

Վարչապետը ներկաներին առաջարկել է բաց և համարձակ քննարկում անցկացնել՝ բարձրաձայնելով ոլորտում առկա հիմնախնդիրների մասին: Ողջունելով կառավարության ղեկավարի' իրենց ընդունելու նախաձեռնությունը, տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջնահերթ խնդիրներից առանձնացրել են զգալի թվով չլիցենզավորված տաքսիների առկայությունը, ինչը խանգարում է օրինական դաշտում գործող ընկերություններին ու անհատ ձեռնարկատերերին: Մատնանշվել են արտասահման մեկնելու ժամանակ դեղին համարանիշներով երթևեկելու հետ կապված դժվար ությունները, գազի սակագնի, հաշմանդամներին տաքսի ծառայություններ մատուցելու իրավունքի տրամադրման, ճանապարհների անբարեկարգ վիճակի, ինչպես նաև հարկերի' բարձր լինելու հետ կապված հարցեր:

 

Անդրադառնալով վերոնշյալ խնդիրներին՝ վարչապետը, նախ, պատասխանատու կառույցներին հրահանգել է խստացնել վերահսկողությունը, որպեսզի չլիցենզավորված մեքենաներով տաքսի ծառայություններ չմատուցվեն: Արա Հարությունյանի հանձնարարությամբ' կվերանայվեն դեղին համարանիշները սպիտակով փոխարինելու ժամկետները: Վարչապետն անհամաձայնություն է հայտնել հարկերի բարձր լինելու վերաբերյալ դիտարկմանը' նշելով, որ ՀՀ-ի համեմատ ոլորտի հարկերը անհամեմատ ցածր են: Նա հավելել է, որ ներկաների կողմից մատնանշված' անբարեկարգ ճանապարհների խնդիրը լուծելու համար անհրաժեշտ մեծ գումարները գոյանում են հենց հարկերից:

 

Խոսելով հաշմանդամներին տաքսի ծառայություններ մատուցելու համար վարորդական իրավունք տալու մասին՝ վարչապետը շեշտադրել է, որ այդ հարցը հատուկ մոտեցում է պահանջում:

 

Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արա Հարությունյանը հայտարարել է, որ ոլորտն ուսումնասիրվել է և գազալցակայանների սեփականատերերին սակագները կարճ ժամկետում վերանայելու առաջարկություն է ներակայացվել: Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք չեն ընդունի առաջարկվող փոփոխությունները, կառավարության լիազոր մարմնի կողմից կենթարկվեն համապատասխան պատժամիջոցների: