Միացյալ Նահանգները' որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում հակամարտող երկու կողմերին աջակցելու իր հանձնառությանը: Ինչպես հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին' պատասխանելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության, ինչպես նաև պաշտոնական Բաքվից Հայաստանի հասցեին արվող ռազմատենչ հայտարարություններին վերաբերող հարցին:

 

«Մենք մեծապես հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հնարավորինս շուտ կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի' Փարիզում հանդիպում անցկացնելու հրավերը, և որ նրանք կհամաձայնեն իրականացնել կառուցվածքային բանակցություններ, որոնք կտանեն խաղաղ համաձայնության կնքմանը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ կրկնապատկել իրենց ջանքերը բանակցային սեղանի շուրջ և կենտրոնանալ այն օգուտների վրա, որոնք խաղաղությունը կբերի տարածաշրջանում բնակվող ժողովուրդներին»,- հայտարարել է Պսակին: Պետքարտուղարության խոսնակը հավելել է, որ սադրիչ հռետորաբանությունը և հայտարարությունները հակասում են լարվածությունը թուլացնելու սկզբունքներին և վնասում խաղաղության գործընթացին: Ուստիև Պսակին մեկ անգամ ևս կոչ է արել կրկնապատկել ջանքերը խաղաղության հասնելու համար:

 

Լրագրողի այն հարցին, թե արդյոք պետքարտուղարության խոսնակը տեղյակ է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանում ռմբակոծության են ենթարկվել քաղաքացիական բնակավայրեր, Պսակին պատասխանել է, որ նման տեղեկատվության չի տիրապետում: Այդուհանդերձ նա հերթական անգամ կրկնել է միտքն այն մասին, որ խաղաղ կարգավորումը բխում է երկու երկրների շահերից:

 

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակրոցները սկսվել են հունիսի 28-ին' ժամը 17:00-ից: Կրակահերթի տակ են եղել Բարեկամավան, Այգեպար, Մովսես գյուղերը: Այգեպարում վնասվել է գազատար խողովակը: Գյուղերը լուրջ վնասներ են կրել: Մինչ այդ' հունիսի 25-ին, ադրբեջանական զինուժը կրակոցներ էր արձակել Հայաստանի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ: Հակառակորդի զինուժը թիրախավորել էր գյուղը, գնդակները հասել էին գյուղապետարանի շենքին, եկեղեցուն, դպրոցին: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չեն եղել: