Կոլումբիացի երգչուհի Շակիրան ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղից առաջ փակման հանդիսավոր արարողությանը, որը հուլիսի 13-ին տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյում, կկատարի La La La կոմպոզիցիան: Այդ մասին հաղորդել է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIFA) պաշտոնական կայքը:
Մրցաշարի գլխավոր մրցախաղից առաջ անցկացվելիք երաժշտական հանդեսի ընթացքում ելույթ կունենան նաև Կառլոս Սանտանան, Վայկելֆը և Ալեշանդրե Պիրեսը, որոնք կկատարեն Dar Um Jeito երգը: Իսկ մրցաշարի պաշտոնական օրհներգը We Are One կոմպոզիցիան է՝ Ջենիֆեր Լոպեսի, Պիտբուլի և Կլաուդիա Լեյտեի կատարմամբ:
2010 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացված աշխարհի առաջնությանը: Շակիրան կատարել էր մրցաշարի պաշտոնական օրհներգը՝ Waka Waka (This Time for Africa) երգը:
«Ես շատ հուզված եմ այն բանից, որ Աշխարհի առաջնության փակման արարողությանը երգելու եմ La la la-ն,- խոստովանել է Շակիրան:- Ես ֆուտբոլը շատ եմ սիրում հասկանալի պատճառներով (երգչուհին Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեի սիրեցյալն է): Եվ ես հիանալի հասկանում եմ, թե այդ մրցաշարը ինչ է նշանակում բազմաթիվ մարդկանց, ներառյալ ինձ համար: Ես շատ շնորհակալ եմ փակման արարողությանը ելույթ ունենալու հնարավորության համար»: Այդ երգի պաշտոնական տեսահոլովակում նկարահանվել են ֆուտբոլիստներ Լիոնել Մեսին, Նեյմարը, Սեսկ Ֆաբրեգասը, Սերխիո Ագուերոն, Ռադամել Ֆալկաոն, Խամես Ռոդրիգեսը, Էրիկ Աբիդալը, ինչպես նաև Պիկեն և երգչուհու և Միլանի խաղացողի որդին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: