Թբիլիսիի նախկին քաղաքապետ, «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ընտրական շտաբի ղեկավար Գիգի Ուգուլավան հուլիսի 3-ին առավոտյան ժամը 06:00-ին ձերբակալվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, երբ պատրաստվում էր մեկնել Կիև, տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները:

 

Ուգուլավան ինքը հայտարարել է, թե ուղևորվում էր Կիև, որպեսզի այնուհետև մեկներ Քիշնև՝ մասնակցելու Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի մոնիթորինգի գծով կոմիտեի նիստին:

 

Գիգի Ուգուլավան հետաքննության տակ է գտնվում երեք մեղադրանքով՝ ֆինանսական խախտումների, յուրացման և մոտավորապես 30 մլն դոլար ընդհանուր գումար միջոցների վատնման: Լույս հուլիսի 3-ի գիշերն Ուգուլավան ֆինանսական ոստիկանություն հարցաքննության ներկայանալու նոր ծանուցում էր ստացել:

 

Թբիլիսիի դատարանը հուլիսի 2-ին հրաժարվել էր բավարարել Վրաստանի դատախազության պահանջը՝ Ուգուլավայի համար սահմանել 50 հազար լարիի (մոտավորապես 28 հազար դոլար) գրավ հետաքննության ընթացքում ազատության մեջ գտնվելու համար, ինչպես նաև նրան զրկել արտասահմանյան անձնագրից և անձը հաստատող փաստաթղթից, որպեսզի նա չկարողանա մեկնել երկրից:

 

«Հետաքննչական մարմինները տեղեկատվություն էին ստացել, որ Գիգի Ուգուլավան պատրաստվում է մեկնել երկրից: Քննիչների մոտ ենթադրություններ էին ծագել, որ նա չի պատրաստվում վերադառնալ»,- նախօրյակին հայտարարել է քննիչ Մերաբ Գամկրելիձեն:
Միևնույն ժամանակ Գիգի Ուգուլավան հուլիսի 2-ի դատավարությունից հետո չէր թաքցնում, որ պատրաստվում է ուղևորվել Քիշնև և նույնիսկ սոցիալական ցանցերից մեկի իր էջում զետեղել էր Թբիլիսի-Քիշնև-Թբիլիսի չվերթի իր էլեկտրոնային տոմսը: «Հուսով եմ՝ դատախազությունն առանց ինձ կապրի երկու օր: Ես չեմ պատրաստվում փախչել արդարադատությունից»,- հայտարարել է Ուգուլավան:

 

Արդեն ձերբակալումից հետո նա ասել է, թե «պատռել է համակարգի դիմակը»:

 

«Նախ ես ձերբակալվել եմ, որովհետև չեմ խոնարհվում Բիձինա Իվանիշվիլիի առջև և երբեք դա չեմ անի: Երկրորդ՝ ես չգիտեմ, թե ինչու են ինձ ձերբակալել:

 

Հարկավոր էր, որ ես պատռեի համակարգի դիմակը, և ահա ես դա արեցի»,- հայտարարել է Ուգուլավան լրագրողներին: