Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոնկրետություն է պահանջում կոնկրետ և բացահայտ հնչած առաջարկից, քանի որ չգիտի, թե այս անգամ նախագահների հետ հանդիպման ժամանակ ինչ պետք է ասի: ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի գնահատմամբ՝ չի կարող երկրի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ խոստանալ մի բան, սակայն իրականացնել հակառակը: Հենց սա է պատճառը, որ Ալիեւը խնդիրներ է առաջացնում և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կոնկրետ արված հայտարարության վերաբերյալ պահանջում կոնկրետություն:
Սա, ըստ Մանոյանի, հերթական անգամ ապացուցում է Ալիեւի արտաքին քաղաքականության ձախողումը: «Եթե երկիրը չի կարողանում արտահայտել իր տեսակետը, և հանդիպման ժամանակ մեկ բան է խոստանում, սակայն իր տանը մեկ այլ որոշում ընդունում, դա խոսում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության վախճանի մասին: Ալիևը խուսափում էր հանդիպումներից, դրա համար էլ խեղաթյուրում է իրականությունը: Այս հարթության մեջ Ադրբեջանը վաղուց պարտություն է կրել»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Կիրո Մանոյանը' հավելելով, որ վերջերս նման ցավոտ պարտություններ Ադրբեջանը հաճախ է կրում:
Դաշնակցական գործիչը հիշեցրեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական ելույթը' հավելելով, որ նման պահվածքը Ադրբեջանի համար ոչ թե դրական քայլ էր, այլ պարտություն: