Սպիտակ տունը հրապարակել է հաջորդ երկու տարիներին Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի անունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է rferl.org-ը:

 

Բաքվում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին կփոխարինի «հարուստ դիվանագիտական փորձ» ունեցող Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտան: Մինչ այդ նա զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի' էներգետիկայի և բիզնեսի հարցերով բյուրոյում էներգետիկայի, պատժամիջոցների և հումքային ապրանքների գծով տեղակալի պաշտոնը: Նախկինում նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Քաբուլում, Տոկիոյում և Բեռլինում ԱՄՆ-ի դեսպանատներում: Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտան ավարտել է Ջորջթաունի համալսարանը և ունի Գլոբալ մենեջմենթի դպրոցի ու Ազգային ռազմական քոլեջի մագիստրոսի աստիճան:

 

ԱՄՆ Սենատում թեկնածությունը հաստատվելուց հետո Ռոբերտ Սեկուտան կանցնի Ադրբեջանում իր լիազորությունների կատարմանը:

 

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի ծառայողական լիազորությունների ժամկետը լրանում է օգոստոսին: