Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հունիսին հայաստանյան ԶԼՄ-ների շրջանում անցկացրել է հարցում՝ նպատակ ունենալով պարզել լրագրողների և լրատվամիջոցների կարծիքով ՀՀ ամենափակ և բաց կառույցները։ Հարցմանը մասնակցել են երևանյան և մարզային 52 լրատվամիջոցի 62 լրագրողներ և խմբագիրներ, ովքեր բաց և փակ մարմինները նշել են՝ հաշվի առնելով սեփական փորձը: Հարցմանը մասնակցել է 12 հեռուստաընկերություն (լրատվական թողարկման խմբագրություն), 4 ռադիոկայան (լրատվական թողարկման խմբագրություն), 14 տպագիր մամուլ, 22 առցանց պարբերական։ Ընդգրկված 52 ԶԼՄ-ից 10-ը մարզային են։
Ընդհանուր առմամբ տրվել է 62 պատասխան (որոշ ԶԼՄ-ների դեպքում, կախված լրագրողների քանակից, հարցմանը մասնակցել է 2 լրագրող): Արդյունքում ստացվել է 186 բաց և 186 փակ մարմնի տարբերակ (յուրաքանչյուր պատասխանող բաց և փակ կառույցների երեքական տարբերակ է առաջարկել): Քանի որ հարցման մասնակիցները յուրաքանչյուր տարբերակը կարող էին նշել միայն մեկ անգամ ուստի ստորև ներկայացված քանակական տվյալները հաշվարկված են մասնակիցների ընդհանուր թվի հիման վրա (62 լրագրող =100%):
Հարցումն անցկացվել է անանուն՝ առավել վստահելի պատասխաններ ստանալու նպատակով։
Փակ մարմիններ
Փակ կառույցների ցանկում ընդհանուր առմամբ արձանագրվել է 42 տարբեր կառույցների անվանում, որոնցից 11-ը մարզային տեղական ինքնակառավարման մարմիններ են: Այսպիսով, ամենաշատ ձայներ հավաքած փակ կառույցներն են.
1. Երևանի քաղաքապետարան - 48.4% (30 լրագրող)
2. Ազգային անվտանգության ծառայություն - 27.4% (17 լրագրող)
3. Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն- 16.1% (10 լրագրող)
4. ՀՀ կառավարություն - 14.5% (9 լրագրող)
5. Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարություն - 12.9% (8 լրագրող)
6. ՀՀ ոստիկանություն - 12.9% (8 լրագրող)
7. Արտաքին գործերի նախարարություն - 11.3% (7 լրագրող)
8. ՀՀ նախագահի աշխատակազմ - 3.2% (6 լրագրող)
9. ՀՀ դատախազություն - 9.7% (6 լրագրող)
10. Պետեկամուտների կոմիտե - 9.7% (6 լրագրող)
11. Մշակույթի նախարարություն - 8.1% (5 լրագրող)
12. Էկոնոմիկայի նախարարություն - 6.5% (4 լրագրող)
13. Բնապահպանության նախարարություն - 6.5% (4 լրագրող)
14. Արդարադատության նախարարություն - 4.8% (3 լրագրող)
15. Ազգային ժողով - 4.8% (3 լրագրող)
Բաց կառույցներ
Բաց կառույցների ցանկում արձանագրվել է 43 տարբեր կառույցների անվանում, որոնցից 14-ը մարզային տեղական ինքնակառավարման մարմիններ են: Այսպիսով, ամենաշատ ձայներ հավաքած բաց կառույցներն են.
1. Կրթության և գիտության նախարարություն - 40.3% (25 լրագրող)
2. Առողջապահության նախարարություն - 38.7% (24 լրագրող)
3. ՀՀ ոստիկանություն - 32.3% (20 լրագրող)
4. Ազգային ժողով - 24.2% (15 լրագրող)
5. Արտակարգ իրավիճակների նախարարություն - 21% (13 լրագրող)
6. Պաշտպանության նախարարություն - 17.7% (11 լրագրող)
7. Գյուղատնտեսության նախարարություն - 11.3% (7 լրագրող)
8. Տարածքային կառավարման նախարարություն - 9.7% (6 լրագրող)
9. ՀՀ կառավարություն - 8.1% (5 լրագրող)
10. ՀՀ դատական դեպարտամենտ - 6.5% (4 լրագրող)
11. Մշակույթի նախարարություն - 6.5% (4 լրագրող)
12. Երևանի քաղաքապետարան - 6.5% (4 լրագրող)
13. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ - 4.8% (3 լրագրող)
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեսյբուքյան էջում իր ուրախությունն է հայտնել ԿԳՆ-ի՝ ամենաբաց կառույց ճանաչվելու առթիվ:
«Շնորհակալ եմ լրագրողներին և Ինֆորմացիայի ազատության կենտրոնին իրենց գնահատականի ու համատեղ աշխատանքի համար: Թափանցիկությունն ու հաշվետվողականությունը մեր գործունեության առաջնայնություններից են: Հանրային վստահությունը կարևորագույն նախապայման ու ոգեշնչման աղբյուր է կրթական ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացման համար: Այդպես եղել է, կա և լինելու է նաև ապագայում»,-նշել է նախարարը: