ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի անդամներին' խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ մի շարք վարչությունների պետեր, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից, Սեյրան Օհանյանը կարևորել է Համակարգող խորհրդի գործունեությունը, զինված ուժերի ստորաբաժանումներ կազմակերպվող այցելությունները, որոնց ընթացքում իրականացվում են մշակութային միջոցառումներ, դիտարկվում են սպա-զինվոր փոխհարաբերությունները և զինծառայությանը վերաբերող այլ հարցեր:

 

Մարգարիտա Խաչատրյանը ներկայացրել է խորհրդի կազմում ներգրավված հասարակական կազմակերպությունների դերը, խորհրդի գործունեության առանձնահատկություններն ու առաջիկա ծրագրերը:

 

«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհուրդը զգալի դերակատարություն ունի բանակ-հասարակություն կապերի ամրապնդման գործում: Պարբերաբար լինելով ազգային բանակի զորամասերում' խորհրդի անդամները բազմաբնույթ միջոցառումներ են իրականացնում' նպաստելով նաև զինծառայողների հայրենասիրական ոգու ամրապնդմանը: