Քարվաճառում տեղի ունեցած դիվերսիոն խմբի գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում որոշել են ավելի ուժեղացնել սահմանների անառիկությունն ու ավելի բարձրացնել երկրի անվտանգության պահպանման մակարդակը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ դիվերսիոն խմբի վնասազերծումը ցույց է տալիս հայ զինվորների ուժեղ կողմերն ու պատրաստվածության բարձր մակարդակը, միաժամանակ, փաստում, որ կան անելիքներ, բացթողումներ և այդ ուղղությամբ անհրաժեշտ է քայլեր կձեռնարկել:
Անդրադառնալով Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպմանը, Բաբայանն ասաց, որ հանդիպմանը քննարկվել է Քարվաճառի դիվերսիան և նախագահն այն որակել է ահաբեկչություն, որը լուրջ հարված է հասցնում բանակցային գործընթացին:
Խոսելով միջազգային հանրությունից սպասելիքներից, Դավիթ Բաբայանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար, սակայն Ստեփանակերտում առաջին հերթին հույսը դնում են իրենց ուժերի վրա: «Հիմնական հույսը դնում ենք մեզ վրա, դա ճիշտ և արդյունավետ որոշում է: Մեր գերխնդիրն է՝ ավելի ուժեղացնել բանակն ու ամեն ինչ անել Արցախի անվտանգության մակարդակն ավելի բարձրացնելու համար»,- ասավ Բաբայանը:
Վերջինիս գնահատմամբ, Ադրբեջանն առանց որևէ պատճառի կամ առիթի է սահմանին լարվածություն ստեղծում: Բաբայանի որակմամբ, Ադրբեջանը վաղուց վերածվել է ահաբեկչական պետության և ամենաբարձր մակարդակով դիվերսիաների իրականացումն այդ երկրի էությունն է: «Այդ վերաբերմունքը ոչ միայն մեր հանդեպ է, այլև հարևան այլ պետությունների, սեփական ժողովրդի հանդեպ: Վերջերս Ադրբեջանի պաշտոնյաներից մեկը խոսել է «մեծ Ադրբեջանի» մասին, որը ձգվելու է Թավրիզից մինչև Երևան և Թբիլիսի, սա նույնպես դիվերսիա է:
Ադրբեջանն առաջնորդվում է հարևան պետությունն երի հանդեպ ահաբեկչական ծրագրերով: Այդ երկրում գրեթե ամեն օր անմեղ մարդիկ են ձերբակալվում, մասնագիտական գործունեության համար լրագրողների են ահաբեկում, վախեցնում ու ձերբակալում»,- փաստեց Բաբայանը: