«Օրինաց երկիր» կուսակցությանը դատարանի որոշմամբ արգելվել է Տերյան 74 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնել, սակայն կուսակցությունը հետ չի կանգնում իր մտադրությունից:
ՀՀ Ազգային ագրարային համալսարանին պատկանող տարածքում, որը տեղակայված է ՕԵԿ-ի գլխավոր գրասենյակի հետնամասում, փորձել են վերսկսել շինարարական աշխատանքները, որոնք դատարանի 2014 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ արգելվել էին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում համալսարանի ընդհանուր հարցերով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը տեղեկացրեց, որ դատարանը որոշման օրինակները ուղարկել է երկու կողմերին էլ' և' համալսարանին, և «Օրինաց երկիր» կուսակցությանը:
«Չենթարկվելով դատարանի որոշմանը'«Օրինաց երկրի» աշ խատողները գիշերը շինարարական աշխատանքներ են սկսել այս տարածքում: ՕԵԿ-ը մեկնաբանում է, որ տարածքում ջրամատակարաման համակարգ են ցանկանում անցկացնել, որի պատճառով էլ բերել են անհրաժեշտ տեխնիական: Սակայն շինարարական աշխատանքների ընթացը ցույց է տալիս, որ նրանք պատրաստվում են հիմնասյուներ տեղադրել' հետագայում շինարարությանն ընթացք տալու համար»,- ասաց Պարույր Էֆենդյանը:
Պրոռեկտորը պնդում է, որ կուսակցությունը ցանկանում է այդ տարածքն օգտագործել Երևան հեռուստաընկերության նկարահանման ստուդիաները տեղակայելու համար:
Երբ այս հարցով համալսարանի անձնակազմը դիմել է կուսակցության ղեկավարությանը, նրանցից հնչել է հետևյալ պատասխանը. «Անելու ենք այն, ինչ ցանկանում ենք»:
Պարույր Էֆենդյանի հավաստմամբ' կան բոլոր փաստաթղթերն առ այն, որ տարածքը պատկանում է Ագրարային համալսարանին: Նա նաև ներկայացրեց «Գուգլ» որոնողական համակարգի քարտեզի նկարը, որտեղ երևում է, որ ՕԵԿ-ի գլխավոր շտաբի շենքը կառուցվել է շատ ավելի ուշ, քան Ագրարային համալսարանին պատկանող շինությունը:
Նշենք, որ այդ շինությունում է գործում համալսարանի լաբորատորիաներից մեկը, որտեղ տեղակայված են գյուղատնտեսական տարբեր սարքավորումներ:
Նախկին Գյուղատնտեսական ինստիտուտի անասնաբուծական, անասնաբուժական ֆակուլտետների միավորման հենքի վրա ստեղծված բուհը' 1994 թվականի վերանվանելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ժառանգել էր «Գյուղինստիտուտ»-ի ողջ գույքը, և երբ 2012-ին դարձավ ՊՈԱԿ, Կառավարության 471 որոշմամբ՝ ամբողջ շենք-շինությունները և հարակից տարածքը պետության կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրվեց բուհին, որով էլ այդ ամենը ստացավ պետական գրանցում: