Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ծրագրերի կառավարման և իրականացման ոլորտում գործող «Գլոբալտեք» («Globaltec») միջազգային ընկերության փոխտնօրեն Մանուել Վալդեսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Մանուել Վալդեսը զրուցել են գյ ուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ:

 

Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են մեր երկրում ջերմոցային տնտեսության զարգացմանը, տեխնոլոգիական գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցեր:

 

«Գլոբալտեք» ընկերության փոխտնօրենը ներկայացրել է կազմակերպության գործունեության ուղղությունները՝ նշելով, որ այն ծրագրեր է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում (ֆերմերային տնտեսություն, ջերմոցային տնտեսություն, սառեցված պահածոների արտադրություն) և հետաքրքրված է գործունեություն ծավալել նաև Հայաստանում: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը և ՀՀ կառավարության անունից արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնել: