ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 22-ին Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, նշեց, որ այս ընթացքում կատարված աշխատանքի գնահատականը թողնում է ժողովրդին:
«Ժողովուրդը պետք է ասի՝ արդարացան իր հույսերը, թե ոչ:Բայց ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք չունենք կախարդական փայտիկ, որ բոլոր խնդիրներին տանք լուծում: Մեր թիմը՝ նոր կառավարությունը, ամեն ինչ անում է, որ խնդիրներին լուծում տա: Իհարկե, ժամանակ է պետք և ֆինանսական ռեսուրսներ, բայց, մենք հետևողական ենք լինելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով' ինքը տեսնում է դրական տեղաշարժեր: «Մեր մոտեցումն այն է, որ կա խնդիր ու հարց՝ ուրեմն պետք է տալ լուծում, ոչ թե՝ հավաքվել քննարկել, հետո նորից հավաքվել ու քննարկել և այսպես շարունակ: Կոնկրետ հարցին՝ տալիս ենք լուծում: Բնակիչների բարձրացրած հարցերի նկատմամբ պատասխանատվություն ենք կրում և լուծում ենք տալիս՝ անկախ դրանից դա քաղաքացուն գոհացնում է, թե ոչ, մենք ճշմարտությունն ենք ասում»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:
Վարչապետը նշեց, որ չնայած այսօր առկա բազմաթիվ արտաքին և ներքին խնդիրներին' կառավարությունը տեսնում է մեր երկրի պայծառ ապագան: «ՀՀ կառավարության թիմով անելու ենք ամեն ինչ, ջանք չենք խնայելու, որ խնդիրներն արագ ու որակով փորձենք լուծել»,-նշեց ՀՀ վարչապետը: