Հոգեբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սամվել Խուդոյանն ահազանգում է տուրիստական գործակալություններում օրենքի զանգվածային խախտման դեպքերի մասին: Դրանք հոգեբանական ճնշման միջոցով գնորդին գցում են թյուրիմացության մեջ: Հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Սամվել Խուդոյանը, ով անձամբ առնչվել է այս խնդրին և առաջարկում է վերջ դնել այս խաբկանքին, երեւույթը որակեց է որպես «հոգեբանական տուպիկ» և հավելեց՝ «Լավ է գեշ լինես, քան՝ էշ»:

 

«Տուրիստական գործակալություններում ներկայում շատ են հանդիպում «անբարեխիղճ» գովազդներ, որոնք գնորդին երկմտանքի մեջ են գցում. օրինակ, գովազդվում է անմոռանալի հանգիստ Շրի Լանկայում 7 օր, որն արժե ընդհամենը 750 դոլար կամ Շրի Լանկա, Մալազիա, Թաիլանդ, Սինգապուր' 18 օր հանգիստն արժե 1250 եվրո, սակայն երբ մոտենում ես ճշտումներ կատարելու' կամ նոր գին է ի հայտ գալիս, կամ էլ փաթեթն է վերջացել: Սա կանխամտածված կեղծ գովազդ է, սակայն թակարդն, ամոթից դրդված, ընկնում են շատերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Խուդոյանը:

 

Գովազդի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար պետական կառավարման լիազորված մարմինն իրավասու է համաձայն ՀՀ գործող օրենսդրության, տուգանք կիրառել գովազդատուի, գովազդ արտադրողի, գովազդակրի նկատմամբ գովազդային օրենսդրության խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու համար։

 

Գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները խախտումների համար կրում են վարչական պատասխանատվություն։ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմին ն իրավունք ունի նրանց նկատմամբ կիրառել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով։