Վաշինգթոնի Դեյվիդ Վայմանի անվան Հոլոքոսթի ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Մեդոֆը հոդված է հրապարակել' քննադատելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հարավաֆրիկյան և պաղեստինյան իշխանություններին' Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրելու համար: «Թվում է, թե ամեն անգամ, երբ Իսրայելը սկսում է պաշտպանել իրեն, ապա, ինչ-որ մեկը մեղադրելով, մատնացույց է անո ւմ և բղավում «Ցեղասպանությո՜ւն»:

 

Դեռ 70 տարի առաջ այդ բառեզրը հորինած Ռաֆայել Լեմկինը կսարսափեր, տեսնելով' ինչպես են խեղաթյուրում իր կյանքի գործը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հրեական JNS.org անգլալեզու կայքում գրում է Մեդոֆը:

 

Հեղինակը նշում է, որ Ռաֆայել Լեմկինին ցնցել էր միջազգային հանրության անզորությունը' 1914-1918 թվականներին մոտ մեկ միլիոն հայերի ցեղասպանության մեջ ներգրավված թուրք պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

 

«Աշուշտ, Լեմկինին կհիասթափեցներ նաև ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի որոշումը' ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանության ճանաչումից: Օբամայի վարչակազմն անգամ հրաժարվել է թույլատել Հայոց ցեղասպանության հայ որբերի գործած գորգի ցուցադրությունը, որը 1925 թվականին նվիրվել էին Սպիտակը տանը»,- նշում է նա:

 

Ցեղասպանագետի համոզմամբ' սոսկ քաղաքական նկատառումներով եզրի կիրառումը միայն իմաստազրկում է այն:

 

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ էր հանդես եկել, որում Իսրայելին մեղադրել էր պաղեստինցիների «սիստեմատիկ ցեղասպանության» համար և այդ երկիրը համեմատել Հիտլերի ժամանակների Գերմանիայի հետ: Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացը նույնպես արձագանքել էր թուրք վարչապետի հայտարարությանը' նրան հիշեցրելով 1915-ի Հայոց ցեղասպանության մասին: