Հայաստանի կառավարությունը նպատակ չունի չեղյալ համարելու «Որոտանի hիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ-ի, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջև հունվարի 29-ին ստորագրված գույքի առուվաճառքի պայմանագիրը:
«Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի այդ գործարքը ստացվի, բայց այն պետք է լինի ի շահ Հայաստանի Հանրապետության: Ցանկությունը մեծ է, որ մեծ ներդրումներ կատարվեն: Որևէ գործարք ես չեմ ստորագրի, որը կվնասի երկրի տնտեսական շահին:
Այդ առումով որևէ ճնշում ինձ վրա չկա և չի կարող լինել: Մենք ամերիկյան կողմին ներկայացրել ենք այն մոտեցումները, որոնց հետ համաձայն չենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Դիլիջանում պատասխանելով լրագրողների հարցերին' նշեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով այն խոսակցություններին, ըստ որոնց' եթե գործարքն անվավեր համարվի, ապա «Որոտանի հէկ»-երի համալիրը կվաճառվի ռուսական կողմին' Հովիկ Աբրահամյւանն ընդգծեց. «Եթե այս գործարքն անվավեր լինի, քանի դեռ ես վարչապետ եմ, թույլ չեմ տա, որ «Որոտանի հէկ»-երի համալիրը հանձնվի այլ երկրի»:
Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտանի hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջև հունվարի 29-ին ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր:
Միաժամանակ, առուվաճառքի վերջնական ակտը դեռևս ստորագրված չէ' պայմանագրում առկա որոշ կետերի շուրջ առկա խնդիրների պատճառով: Հայաստանի կառավարության և ամերիկյան կողմի միջև բանակցությունները շարունակվում են: