Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եղավ Դիլիջանում գտնվող Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնում, ծանոթացավ շինարարական աշխատանքներին:
Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշեց, որ գոհ է կատարվող աշխատանքից:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով' իրենք նպատակ ունեն կառույցը դարձնել միջազգային կենտրոն, ուր կանցկացվեն գիտաժողովներ, տարբեր քննարկումներ: «Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնը բազմաֆունկցիոնալ կառույց է. մեր նպատակն է այն դարձնել միջազգային կենտրոն, և այդ ուղղությամբ ունենք բազմաթիվ պայմանավորվածություններ:
Այստեղ իրականացվելու են ուսումնական երկարատև ծրագրեր' հիմա արդեն Ֆինանսների նախարարության, հարկային, մաքսային կառույցների աշխատակիցների համար: Կկայանան գիտաժողովներ, միջազգային ձևաչափի քննարկո ւմներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց նախարարը' հավելելով, որ այն կունենա նաև հանգստի գոտի, որը կծառայի թե' Ֆինանսների նախարարության, թե' այլ կառույցների աշխատակիցների հանգստի համար:
Գագիկ Խաչատրյանի տեղեկացմամբ' իրենք ծրագրել էին աշխատանքներն ավարտել մինչ 2014-ի վերջը, բայց ֆինանսական ու տեխնիկական խնդիրների պատճառով ավարտը հետաձգվել է: «Հուսանք' մյուս տարի կավարտենք կենտրոնի կառուցումը»,- ասաց նախարարը' հայտնելով, որ մինչ այժմ կառույցի վրա ծախսվել է 6 միլիարդ դրամ և նախատեսվում է ևս 4 միլիարդ դրամ հատկացնել:
Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2011-ին: